«Հիմնադիր Խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուքասզյանը նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին ու Քննչական կոմիտեի նախագահին, որտեղ խնդրում է իրեն թույլ տալ մեկնել Հայաստանից՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հրավերով մասնակցելու Բարսելոնայում կայանալիք Ապագայի քաղաքների համաշխարհային էքսպո-կոնգրեսին:

Ստորեւ ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ.

«ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ

Աղվան Հովսեփյանին

Թիվ 69100615 քրեական գործով նախաքննություն իրականացնող քննչական խմբի ղեկավար, ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Ամրամ Մակինյանին

ՀՀ քաղաքացի, թիվ 69100615 քրեական գործով մեղադրյալ Գարեգին Բաբկենի Չուգասզյանից

 Բաց նամակ

Պարոնայք,

Սույն նամակով տեղեկացնում եմ, որ ստացել եմ մասնագիտական գործուղման մեկնելու հերթական հրավերը՝ այս անգամ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Յոհան Քլոսից: Անձամբ նա եւ Թալալ Աբու Գազալեհ կազմակերպության հիմնադիր Թալալ Աբու Գազալեհը (տես կից հրավերը)՝ հրավիրում են ինձ անդամակցել ս.թ. նոյեմբերի 16-ի 19-ը Բարսելոնայում կայանալիք Ապագայի քաղաքների համաշխարհային էքսպո-կոնգրեսի (Smart City Expo World Congress–ի) առիթով ստեղծվող Գլոբալ ցանցին, հանգամանք որ, կարծում եմ, պատիվ է բերում Հայաստանին:

Պահպանելով օրենքի պահանջները՝ դիմում եմ ձեզ թույլատրելու վերը նշված գործուղման նպատակով ս.թ. նոյեմբերի 14-20-ը դուրս գալ ՀՀ սահմաններից:

Ուզում եմ հիշեցնել, որ դուք եւ ձեր ղեկավարությամբ գործող պետական ծառայողները առանց որեւէ օրինական հիմքի ու պատճառի 2015 թ. ապրիլի 7-ից սկսած քրեական հետապնդում եք իրականացնում իմ եւ իմ վեց ընկերների նկատմամբ, որի ընթացքում մեկ ամսով բանտարկել եք մեզ, այնուհետեւ մեր իրավունքները խախտում ու սահմանափակում եք 2015 թ. փետրվարի 18-ին հարուցված թիվ 69100615 քրեական գործի վարույթը երկու ամիսը մեկ անգամ առանց որեւէ լուրջ հիմնավորման երկարաձգելով եւ դրա շրջանակներում մեզ մեղադրյալի կարգավիճակում պահելով:

Մեր կարգավիճակն օգտագործելով՝ դուք մեզ փաստորեն վերաբերում եք որպես քաղաքական պատանդների եւ խոչընդոտում եք մեր անձնական եւ մասնագիտական գործունեությունը:

Մասնավորապես՝ թիվ 69100615 քրեական գործի վարույթն իրականացնող քննչական խմբի ղեկավար Ամրամ Մակինյանը, անտեսելով օրենքի եւ նախադեպերի ընձեռած հնարավորությունը, ինչպես նաեւ իմ կենսագրությամբ ու քրեական գործի վարույթի ընթացքում դրսեւորած պատշաճ վարքով պայմանավորված ակնհայտ երաշխիքները, երկու անգամ ինձ արգելել է իմ մասնագիտական գործունեության անհրաժեշտ մասը կազմող գործուղումների նպատակով դուրս գալ ՀՀ սահմաններից:

Առաջին անգամ նա ինձ արգելել է մեկնել եւ ելույթ ունենալ Ինտերնետի կառավարման ամենամյա «Եվրոդիգ 2015» համաեվրապական հեղինակավոր համաժողովին, իսկ երկրորդ անգամ՝ ՝ Եվրոպայի խորհրդի Ինտերնետի ազատության ու միջպետական տեղեկատվական հոսքերի հարցերով կոմիտեի (որի անդամը եմ հանդիսանում) հերթական նիստին մասնակցելու նպատակով մեկնել Ստրասբուրգ, Ֆրանսիա:

Վստահաբար՝ անգամ դուք ներքուստ համոզված եք, որ ես ոչ միայն չեմ թաքնվելու, այլեւ իմ ընկերների հետ միասին շարունակելու եմ մասնակցել Հայաստանում սահմանադրականության հաստատման համար ներկայումս մղվող քաղաքական պայքարին:

Գարեգին Չուգասզյան

Հիմնադիր խորհրդարանի նախագահ

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհրդի անդամ

Տեղեկատվական Տեխնոլոգիաների Հիմնադրամի գործադիր տնօրեն