Ադրբեջանում նախօրեին երեկոյան տեղի ունեցած իսլամիստների ակցիան ավարտվել է ավելի քան 20 մարդու ձերբակալումով։ Ինչպես հայտնում է haqqin.az-ը, ձերբակալվածների թվում են «Մուսուլմանների միասնության շարժման» անդամները։
Ակցիան կազմակերպվել էր Բաքիխանովա ավանում՝ Սաբունչիի շրջանի ոստիկանության վարչության շենքի մոտ, «Մուսուլմանների միասնության շարժման» փոխնախագահ Էլչին Քասըմլիի ձերբակալության պատճառով։
Նրան ձերբակալել էին Բաքվի մզկիթներից մեկում։ Կատարվածից վրդովված շարժման անդամները շրջափակել էին ոստիկանության բաժանմունքը, որտեղ պահում էին Քասըմլիին։ Ձերբակալության պատճառները չեն հայտնում։ Ոստիկանությունը ցրել է բողոքի ակցիան։
Իր հերթին Ադրբեջանի մուսուլմանների առաջնորդ, «Մուսուլմանների միասնության շարժման» նախագահ Թալե Բաղիրզադեն Facebook-ում դիմել է իր համախոհներին. «Հարգելի՛ մուսուլմաններ, այս ռեժիմն ամբողջովին կորցրել է գլուխը։ Նրանք ժողովրդին հրահրում են անկարգությունների։ Նրանք ձերբակալել են Էլչին Քասըմլիին։ Հավատացյալները խմբերով գնում են Սաբունչիի շրջանի ոստիկանության վարչություն։ Նրանք պատասխան կտան Քասըմլիի նկատմամբ ցանկացած անիրավական գործողության համար։ Մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել նրան»։





























