Եղեգնաձորում գտնվող այծաբուծական ԱՐԻԴ կենտրոնը սկսել է հետաքրքրվել նաեւ ագրոտուրիզմի հնարավորություններովԼ Այս մասին նշվել է նոյեմբերի 5-ին, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի եւ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանի՝ Վայոց Ձորի մարզ այցելության ժամանակ:
Նրանք այցելել են ԱՄՆ աջակցությամբ գործող մի շարք գյուղատնտեսական ընկերություններ: Այցը կազմակերպված էր ԱՄՆ դեսպանատան կողմից հայտարարված գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման միամսյակի շրջանակներում:
Այցի ընթացքում շրջայց կատարվեց Եղեգնաձորի ԱՐԻԴ այծաբուծական կենտրոնում, որը հիմնադրվել է 1999 թվականի ԱՄՆ գյուղդեպարտամենտի Մարկետինգի աջակցության ծրագրի կողմից: Գենետիկ գիտության կիրառման, ինչպես նաեւ տեխնիկական աջակցության, գենետիկ փորձերի եւ անասնաբուժական խորհրդատվության տրամադրման միջոցով կենտրոնն օգնում է մշակել անկախ եւ տնտեսապես կենսունակ միջոցներ՝ ուղղված Հայաստանում կաթնատու այծերի աճեցմանն: ԱՄՆ գյուղդեպարտամենտի «Ագրոտուրիզմի զարգացման» ծրագրի շրջանակներում վերջերս ԱՐԻԴ կենտրոնը սկսել է հետաքրքրվել նաեւ ագրոտուրիզմի հնարավորություններով: Այծի պանրի եւ այլ մթերքների պատշաճ գովազդումը զբոսաշրջիկների շրջանում կօգնեն տեղացի ֆերմերներին ստանալ հավելյալ եկամուտներ:
«Ուրախ եմ տեսնել այս ընկերությունը: Սա ոչ միայն հաջողակ գիտական գործունեության իրականացման միջոցով Հայաստանում այծաբուծության որակը բարելավող նախաձեռնություն է, այլ նաեւ լուրջ հեռանկարներ է բացում գյուղի բարիքներն ու դարերի ընթացքում հղկված տնտեսավարման գիտելիքները ներկայումս տուրիզմի զարգացմանը ծառայեցնելու համար», - ասաց դեսպան Միլսը:
Աղնջաձորի կաթի հավաքման կետում դեսպանն ու փոխնախարարը հանդիպեցին նաեւ կաթնամթերք արտադրող կոոպերատիվների ներկայացուցիչներին: Կառույցը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ «Գյուղի զարգացման արդի նախաձեռնություն» (ARDI) ծրագրի կողմից: 5 տարի տեւողությամբ եւ 4 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ այս ծրագիրը մեկնարկել է 2013-ի սեպտեմբերին: Ծրագիրը նպատակ ունի խթանել գյուղական զբաղվածությունն ու եկամուտները:
«Ֆերմերների հետ զրույցներիցս հասկացել եմ, որ ցանկանում են ավելի շատ կաթ վաճառել եւ անել դա շարունակաբար, - ասաց դեսպան Միլսը, - ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ գործող կոոպերատիվի շնորհիվ նրանք ունեն բոլոր գործիքներն ու ռեսուրսները կլոր տարին երկարաժամկետ աշխատանք եւ եկամուտ ունենալու համար»:
Այցի վերջին կետը Սալլի գյուղում գտնվող «Սելիմ» այծի պանրի արտադրամասն էր: Այս կառույցը հիմնադրվել էր 2002 թվականին ԱՄՆ գյուղդեպարտամենտի Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոնի (CARD) ջանքերով: Օգտագործելով տեղական այծի կաթ՝ նրանք արտադրում են ֆետա պանիր տեղական սպառման եւ արտահանման համար: Հիմնադրումից ի վեր՝ CARD-ն աջակցում է արտադրամասին տեխնիկական վերապատրաստման, ապրանքատեսակի զարգացման հարցերում, ինչպես նաեւ աջակցում է ֆինանսապես՝ օգնելով մեղմել արտարժույթի փոխարժեքի տատանման հետեւանքները:
«Հպարտանում եմ՝ տեսնելով, թե ինչպես է տարբեր շրջաններում մեր տրամադրած աջակցությունը կաթնամթերքի արտադրությանը տվել իր արդյունքները, ինչի վկայությունն է այս կառույցների տպավորիչ եւ արհեստավարժ գործունեությունը,- ասաց դեսպան Միլսը, - Նույնիսկ տրամադրվող համեստ աջակցության պայմաններում հայ ֆերմերները կարողանում են դառնալ մրցունակ տարածաշրջանային արտահանման շուկայում: Սա նպաստում է եկամուտի ավելացմանը ոչ միայն այստեղ, այլ ողջ Հայաստանի տարածքում»:
Դեսպանն ու փոխնախարարն այցն ավարտեցին ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի կողմից աջակցություն ստացող Ռինդի, Չիվայի, Ելփինի համայնքապետերի եւ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներով: Այս ֆերմերները միրգ են աճեցնում եւ վաճառում մայթեզրյա տաղավարներում կամ շուկաներում: Նրանց գործունեությունն էլ ավելի ընդլայնելու համար ԱՄՆ ՄԶԳ աջակցում է նրանց ոռոգման ծրագրերով եւ սառնարանային տնտեսություններով՝ հնարավորություն տալով նրանց իրենց բերքը վաճառել ամբողջ Հայաստանում: Այս ծրագրի շրջանակներում կբացվեն նաեւ 420 մարդու համար նախատեսված երկարաժամկետ աշխատատեղեր:





























