Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը համոզված է, որ առաջիկա ընտրություններում որեւէ քաղաքական կուսակցության կհաջողվի ձեւավորել մեծամասնություն խորհրդարանում, ինչն ունի իր դրական ու բացասական կողմերը: Այս մասին նա հայտարարել է այսօր՝ նոյեմբերի 6-ին, «Կառավարման եւ ընտրական համակարգերը ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագծում» կլոր սեղան քննարկման ժամանակ:

Նրա խոսքով, դրական կողմն այն է, որ հենց կոալիցիաներն են, որ թույլ են տալիս ունենալ ավելի ակտիվ բանավեճ, իսկ բացասական կողմն այն է, որ քաղաքական մշակույթը մեզանում այնքան էլ ձեւավորված չէ, թեեւ որոշակի կոալիցիոն փորձ երկրում ձեւավորվել է:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի պնդմանը, թե  սահմանադրական բարեփոխումներով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փորձում է խուսափել «երիտասարդ թոշակառու դառնալու» ճակատագրից, Դավիթ Հարությունյանը նշել է, թե սահմանադրական փոփոխություններ նախագծում «երիտասարդ թոշակառու» չդառնալու նախագահի ցանկությունը փնտրելը հիմք չունի:

Նրաա խոսքով, ներկայումս գործող կառավարման համակարգը երկրի ղեկավարին կամ կուսակցության ղեկավարին հնարավորություն է ընձեռում չդառնալ «երիտասարդ թոշակառու»:

Որպես օրինակ Հարությունյանը բերել է Պուտինին եւ Իվանիշվիլիին մասին, որոնք նույնիսկ վարչապետ դառնալով՝ երկրի ողջ իշխանությունը կենտրոնացրել էին իրենց ձեռքում: «Ի՞նչն է խանգարում նախագահին դառնալ վարչապետ եւ իշխանությունը կենտրոնացնել իր ձեռքում: Այս ամենի հետ համադրենք նաեւ նախագահի այն հայտարարությունը, որ, ընդգծում եմ, եթե փոփոխությունները տեղի ունեցան, ապա նա չի պատաստվում զբաղեցնել ո՛չ վարչապետի, ո՛չ ԱԺ նախագահի պաշտոնը, իրականում այստեղ փնտրել «երիտասարդ թոշակառու դառնալու» հիմք իմաստ չունի»,- ընդգծել է Հարությունյանը: