«Տարոնավիա» ընկերությունից հրաժարվում են մեկնաբանել տեղեկությունները, թե Հարավային Սուդանում նոյեմբերի 4-ին կործանված օդանավը պատկանել է իրենց ընկերությանը:

NEWS.am-ի թղթակցին ընկերության Շարժայի գրասենյակից հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար հորդորեցին դիմել սեփականատեր Գառնիկ Պապիկյանին: Արդեն մի քանի օր է փորձում ենք կապ հաստատել Պապիկյանի հետ, սակայն նա հեռախոսազանգերի չի պատասխանում: Ըստ տարբեր տեղեկությունների՝ Պապիկյանն այժմ գտնվում է Հարավային Սուդանում: Այս տեղեկությունը նույնպես ընկերությունից հորդորեցին ճշտել անձամբ Պապիկյանից:

Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրդզելյանը NEWS.am-ի թղթակցին հայտնել էր, որ ԱՆ-12 օդանավը հայկական գրանցում չունի, եւ Հայաստանում գրանցված ավիաընկերությունները նման ինքնաթիռ չունեն։

Տաջիկստանի տրանսպորտի նախարարության քաղավիացիայի վարչության պետ Յուսուֆ Ռահմոնովն իր հերթին նշել էր, որ կործանված օդանավը պատկանում էր Ala International LTD հայկական ընկերությանը, բայց նախկինում այն հաշվառված է եղել տաջիկական մասնավոր Asia Airways ընկերության ռեեստրում։

NEWS.am-ի տեղեկություններով, Ala International LTD-ն պատկանում է հենց Գառնիկ Պապիկյանին: Մեզ հաջողվեց պարզել նաեւ, որ հենց Պապիկյանն է պայմանավորվել հայաստանցի օդաչուների եւ անձնակազմի մյուս անդամների հետ եւ նրանց տարել Աֆրիկա աշխատելու:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2015թ. նոյեմբերի 4-ին բեռնատար ԱՆ-12 օդանավի վթարից զոհվել են տասնյակ մարդիկ՝ օդանավի անձնակազմը, ուղեւորները, երկրի վրա գտնվող մարդիկ։

Օդանավի անձնակազմի հինգ անդամները հայեր են եղել

Առաջին օդաչու, օդանավի հրամանատար Գեւորգ Թովմասյանը

Երկրորդ օդաչու Սամվել Համբարձումյանը

Ինժեներ Սամվել Մկրտչյանը

Ավիատեխնիկ Արմեն Անտոնյանը

Ավիատեխնիկ Սուրեն Պետրոսյանը

Դեռեւս հայտնի չէ, թե անձնակազմի 5 անդամների մարմինները տեղափոխվելու Հայաստան: