Տավուշի մարզի Նորաշեն գյուղում օգոստոսի 11-ին որսի ժամանակ հնչած կրակոցների եւ 40-ամյա Արամ Աթոյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արտակ Խանաղյանը Տավուշի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ Արամ Աթոյանի հետ դեպքի օրը գնացել էին Մնգլտեղեր կոչվող հանդամաս՝ փորսուղ տեսակի կենդանու որս կատարելու: Խանադյանը որսորդական հրացանով կրակոց է արձակել փորսուղի ուղղությամբ, որն անզգուշությամբ դիպել է սայթաքելու հետեւանքով այդտեղ հայտնված Արամ Աթոյանին, ինչի հետեւանքով մահացել է:

Արտակ Խանադյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ավելի վաղ ՔԿ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Տավուշի մարզի բնակիչներ Ա.Խանաղյանը եւ Ա.Աթոյանն օգոստոսի 11-ին վաղ առավոտյան «Մնգլտեղեր» կոչվող հանդամաս են գնացել՝ փորսուղ տեսակի կենդանու որս կատարելու համար։ Նախնական վարկածի համաձայն՝ ապօրինի որսի ժամանակ Խանաղյանը կրակ է արձակել փորսուղի ուղղությամբ, որն անզգուշությամբ դիպել է սայթաքելու հետեւանքով այդտեղ հայտնված, իր հետ որս կատարող Ա.Աթոյանի նստատեղին, որի հետեւանքով վերջինս ստացած հրազենային մարմնական վնասվածքներից մահացել է: