Մեր մայրաքաղաքում՝ Երեւանում, պաշտոնական տվյալներով ապրում է հանրապետության մշտական բնակչության  35,8 տոկոսը։ Մանրածախ առեւտրի օբյեկտների թիվը եւս տպավորիչ մեծություն է կազմում՝  53 տոկոսից բարձր, այդ թվում խանութները  մոտ 61 տոկոս են կազմում։ Այսինքն Երեւանը յուրահատուկ «մեգաշուկա» է։

Մանրածախ առեւտրի օբյեկտների ապահովվածության առումով եւս  մայրաքաղաքը զգալիորեն առաջ է ընկած մարզերից։ Այսպես, մանրածախ առեւտրի ամենատարածված տեսակի՝ խանութների թվով Երեւանի ամեն  10 հազար բնակչին մոտ  75 միավոր է ընկնում։ Իսկ մարզերում այդ ցուցանիշը մի քանի անգամ պակաս է՝ միջինը 27 խանութ։        

Մայրաքաղաքը առաջատար է նաեւ ապրանքների վաճառքի ծավալով։ Այսպես, ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Երեւանի բաժինը հանրապետության  մանրածախ առեւտրաշրջանառության ընդհանուր ծավալի մեջ գերազանցել է 76 տոկոսի նիշը։ Միաժամանակ՝ մայրաքաղաքի մանրածախ առեւտրաշրջանառության ծավալը ավելի քան  3 անգամ գերազանցել է գավառի ցուցանիշը։ 

Հարցն այն չէ, որ Երեւանցիները, որպես գնորդներ, ավելի հարուստ են, քան մարզերի բնակիչները   (չնայած այս գործոնն այնուամենայնիվ առկա է) եւ ավելի շատ ապրանք են գնում։ Հաշվի առնենք, որ առեւտրական օբյեկտների ծառայություններից օգտվում են մոտակա գյուղերի բնակիչները, քաղաքում շատ են շրջաններից եկած մարդիկ, ինչպես նաեւ օտարերկրացիներ։ Հետո էլ շրջաններում ֆերմերները սննդամթերքի պահանջարկի մի մասն ապահովում են իրենց տնտեսությունների հաշվին։ 

Պարզ է, որ հեռավոր մի գյուղում, որտեղ ընդամենը մի խանութ կա, ապրանքների գինը կարող է բարձր լինել։ Սեփականատերն այստեղ ինքն է գներ սահմանում, նրա բարիքները բացարձակապես «մենիշխանական» են։ Այո, եւ նրա օբյեկտի շրջանառության ծախսերն էլ օբյեկտիվորեն ավելի մեծ են։ Դրա համար էլ բնական է ենթադրել, որ մայրաքաղաքում բարձր մրցակցությունը պիտի նպաստեր համեմատաբար ցածր գներին։ 

Բայց Երեւանում եւ գավառական քաղաքներում գների համեմատությունը երբեմն պարադոքսալ եզրակացության են հանգեցնում։  Ասենք՝ մայրաքաղաքում հացն ավելի թանկ է, չնայած թվում է, թե սուր «մրցակցություն» կա արտադրողների եւ նույնիսկ առեւտրական օբյեկտների միջեւ։   Նման փաստերի թվարկումը կարելի է շարունակել։ Իհարկե կան նաեւ շատ հակառակ օրինակներ։ 

Մեր հանրապետության փոքր տարածքում երբեմն դժվար է բարձր գները բացատրել օբյեկտիվ պատճառներով  (ասենք՝ այդ նույն շրջանառության ծախսերով, այդ թվում նաեւ՝ տեղափոխման ծախսերով)։ Նույնիսկ մայրաքաղաքում նրա թվացյալ  «մրցակցությամբ» շատ ապրանքների թանկությունը արտասահմանցիների զարմանքն է հարուցում։ Էլ ի՞նչ պահանջես գավառից, որտեղ «մրցակցությունը» ակնհայտորեն ավելի փոքր է։