Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Կամարակ փողոցի բնակիչները զարմացած են, որ իրենց հարեւանուհու՝ 91-ամյա Սիրանույշ Կարապետյանի սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա թոռը՝ 28-ամյա Արման Կարապետյանը։ Հարեւանների համար անհավատալի է, որ ծեր կնոջը նրա թոռն է սպանել։
«Ապշած ենք, մեր աչքի դեմը մեծացած երեխա է։ Համեստ, խելոք տղա է։ Չենք հավատում, որ նա կարող է դա արած լինել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասացին հարեւանները։
Հարեւանների խոսքով՝ կինը միայնակ էր ապրում, ամեն առավոտ ավլում էր բակը, սակայն դեպքի օրը նրան առավոտյան բակում չեն տեսել, ինչը նրանց այնքան էլ կասկածելի չի թվացել։
«Հարսս ասում է՝ երեկ առավոտ Սիրան տատին բակում չտեսա։ Երեւի արդեն դեպքը եղել էր, ուղղակի ավելի ուշ են պարզել։ Բայց մտքներովս անգամ չէր անցնում, որ նման դեպք կարող էր հետը պատահած լինել»,-նշեց հարեւաններից մեկը։
Հարեւանները տատի սպանության կասկածանքով ձերբակալված Արմանի մասին, ընդհանուր առմամբ, դրական կարծիքի էին, միայն նշեցին, որ նա պարտքեր ուներ, այդ պատճառով էլ վաճառել էր Գեղարքունիքի մարզում գտնվող պապական տունը։
«Լսել էինք, որ պարտքեր ուներ, պապական տունը վաճառել, պարտքերն էր տվել։ Հիմա արդեն չգիտենք՝ սպանության համար էր եկել, թե թալանելու։ Բայց մեկ է` չենք հավատում, որ նման բան կարող էր անել։ Բայց դե ի՞նչ իմանաս, ինչը կարող էր նրան այդ քայլին դրդել»,-ասաց մեկ ուրիշ հարեւան։
Հարեւանները պատմեցին, որ կնոջ 3 դուստրերը Գեղարքունիքի մարզում են ապրում, արդեն նրանք էլ են տարեց, իսկ երեք որդիները մահացել են։
Կնոջ տան առաջ կանգնած նրա երեք դուստրերն ասում էին՝ «շվարած ենք, տունն էլ ծախեց, չգիտենք էլ դիակը որտեղ ենք դնելու»։
NEWS.am-ի հետ զրույցում սպանված կնոջ դուստրերից մեկն ասաց, որ չգիտի՝ եղբորորդին է սպանել իր մորը, թե ոչ։ Կինը միայն ասաց, որ մայրը միայնակ էր ապրում։
Նշենք, որ Արման Կարապետյանն ամուսնացած է, ունի մեկ մանկահասակ դուստր։ Ապրում էր Էջմիածնում։
ՀՀ Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ Արման Կարապետյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրիքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի Քանաքեռ համայնքի Կամարակի փողոցում նոյեմբերի 5-ին սպանություն է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի էր դարձել, որ 29 տան տիրուհու դիակը հայտնաբերել են ննջասենյակում արնաշաղախ վիճակում:
Ըստ նախնական տեղեկությունների` դիակի մոտ կոտրված շշի բեկորներ են եղել: 91-այա կնոջ սպանությունն, ամենայն հավանականությամբ, կատարվել է գողություն կատարելու նպատակով, քանի որ տան իրերը թափթփված են եղել, տնից անհետացել են ոսկյա զարդեր ու գումար: Տանտիրոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա 27-ամյա թոռը, որը նախկինում դատապարտված եղել:





























