Հայաստանում բազմաթիվ վթարների եւ վրաերթերի պատճառները մեքենաների ապակիների մգեցվածության աստիճանի խախտման պատճառով են լինում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ճանապարհատրանսպորտային պատահարների գծով մասնագիտացված փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Նա նշեց, որ մգեցված ապակիները կրճատում են վտանգը հայտնաբերելու տարածությունն ու տեսանելիությունը, որն էլ  հանգեցնում է վթարների եւ վրաերթերի:

«Սխալ է, եթե մինչ օրս համապատասխան միջոցներ չեն ձեռնարկել մեքենաների ապակիների մգեցման ուղղությամբ, սա մեր պետական մարմինների բացն է, եւ դրա դեմ պետք է ոչ թե տուգանքով պայքարել, այլ անհրաժեշտ է նման դեպքեր հայտնաբերելիս հեռացնել պլյոնկա կոչվածը»,-ասաց փաստաբանը` նշելով, որ ապակիների մգեցվածության աստիճանը պետք է համապատասխանի միջազգային ստանդարտներին, որոնք  ընդունվում են «Crash test»-ի միջոցով:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ճանապարհային ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունը ցույց է տվել, որ դրանց մեծ մասի առաջացմանը նպաստել է տրանսպորտային միջոցի առջևի հողմապակու լուսաթափանցելիության սահմանված չափը չպահպանելը, ինչը հատկապես վտանգավոր է օրվա մութ ժամերին և անձրևի ժամանակ:  ՃՈ-ն նաեւ հորդորել է առջեւի հողմապակու և առջեւի դռների թաղանթներն ընդհանրապես ապամոնտաժել այլապես Ճանապարհային ոստիկանությունն ստիպված կլինի կիրառել օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ: