Նոր Սահմանադրության ընդունման ճանապարհին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ավելի քիչ դժվարություններ չեն սպասում, քան 2011թ.: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող թուրքագետ Վահրամ Տեր-Մաթեւոսյանը:

Նրա խոսքով՝ խորհրդարանում 317 մանդատը բավարար չէ սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու համար: «Անհրաժետ է եւս 13 ձայն, եւ դա այնքան էլ հեշտ չի լինի հավաքել»,- ընդգծեց Տեր-Մաթեւոսյանը:

«Իսկ երկրորդ հերթին կառավարման նախագահական համակարգի անցնելու սահմանադրական փոփոխությունների փաթեթն այս պահին պատրաստ չէ: Այն, ինչ 2012-2013թթ. մշակել էր խորհրդարանական հանձնաժողովը, արվել էր մյուս կուսակցությունների համաձայնությամբ: Հիմա դեռ պարզ չէ, թե առաջ կքաշվի հին փաթեթը, թե կմշակվի նորը: Նախորդ նախագծում արտահայտված էին Թուրքիայի երեք կուսակցությունների մոտեցումները»,- հիշեցրել է Վահրամ Տեր-Մաթեւոսյանը եւ հավելել, որ  պարզ չէ, թե «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը որքանով է պատրաստ զիջումների:

«Բայց կարծում եմ, որ նրանք կգնան զիջումների, քանի որ դա է պահանջում երկրի քաղաքական կայունությունը»,- նշեց թուրքագետը: