ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ կրթության եւ գիտության նախարար, «Եռանկյունի» հաղորդաշարի հաղորդավար Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում անդրադարձել ՀԱԿ-ի տարածած հայտարարությանը, թե Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Եռանկյունի» հաղորդաշարը «ծաղր է քարոզչության հավասարության սկզբունքի նկատմամբ»:

Աշոտյանը, մասնավորապես, նշել է.

«Ծանոթացա ԵՌԱՆԿՅՈՒՆԻ հեռուստահաղորդման մասին այսօր հնչած տարբեր կարծիքներին, այդ թվում՝ ՀԱԿ-ի հայտարարությանը:

Շնորհակալ եմ նման ուշադրության, հետաքրքրվածության եւ ծրագիրը հանրային քննարկումների կենտրոնում պահելու ու գովազդի համար:

ՀԱԿ-ի հայտարարության մեջ մի շատ կարեւոր թյուրըմբռնում կար: Հաղորդաշարը ստեղծված չէ հատուկ սահմանադրական հանրաքվեի քարոզչությունն ու լուսաբանումը ապահովելու նպատակով: Սահմանադրության քարոզչության համար կան բազմաթիվ հատուկ նախատեսված այլ հարթակներ:

Մեր հաղորդման ընթացքում մենք անդրադառնալու ենք տարբեր արդիական խնդիրների՝ ներքին եւ արտաքին քաղաքականություն, տարածաշրջան, ոլորտային հիմնահարցեր եւ այլն: Իհարկե, հաշվի առնելով հարցի կարեւորությունը, այս փուլում հաղորդումների մի մասը նվիրվելու է սահմանադրական հանրաքվեին:

Կարող եք մտածել, որ առաջին հաղորդման ընթացքում ես մի փոքր խախտել եմ հավասարությունը, բայց ընդունեք նաեւ, որ այդ դեպքում ՈՉ-ի ճակատի ներկայացուցիչն ավելի երկար եթերաժամանակ ունեցավ:

Ի դեպ, հաղորդման մասնակցության հրավերներ ուղղվելու են տարբեր քաղաքական ուժերին, այդ թվում՝ ՀԱԿ-ին: Անհամբեր կսպասեմ ՀԱԿ-ի ղեկավարներին մեր տաղավարում, կտամ ուղիղ հարցեր եւ կլսեմ իրենց տեսակետները:

Նորից շնորհակալ եմ այս համակ ուշադրության համար:

Մնացեք մեզ հետ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀԱԿ-ը հայտարարություն էր տարածել, որտեղ պահանջել է եթերում հավասար իրավունքներ «Այո»-ի եւ «Ոչ»-ի համար:

«Հանրային հեռուստատեսությունում քարոզչության հենց առաջին օրը բացված «Եռանկյունի» հաղորդաշարը (այն վարում է ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը-խմբ) ծաղր է քարոզչության հավասարության սկզբունքի նկատմամբ։ Այդ հաղորդաշարը վարում է ոչ այլ ոք, քան իշխող կուսակցության փոխնախագահ, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

Սա քիչ է, այդ հաղորդաշարի համար նաեւ հավաքվել է կողմնակալ լսարան՝ հաղորդման ժամանակ ընդդիմության վրա հաղորդավարի հարձակումներին ծափահարելու համար»,-ասված է հայտարարությունում:

Աշոտյանի «Եռանկյունի» հաղորդաշարը ծաղր է քարոզչության հավասարության սկզբունքի նկատմամբ. ՀԱԿ