Վանաձորում 8-ամյա որդուն մուրացկանության դրդելու մեջ մեղադրվող Տատյանա Պիսարեւան մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել 1 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվի: Նման որոշում է կայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վանաձորի բնակչուհի Տատյանա Պիսարեւան հունիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում պարբերաբար 8-ամյա որդուն ներգրավել է մուրացկանության մեջ: 8-ամյա տղան տարբեր քաղաքացիներից մուրացել եւ նրան է փոխանցել գումար:

Տատյանա Պիսարեւային մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 166.1-րդ հոդվածի 2-րդ մասով, եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: