Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունից հեռացավ, որովհետեւ հակասահմանադրական կոչեր էր անում, նաեւ ժողովրդին դրդելու ճանապարհով էր գնում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը:
Անդրադառնալով ընդդիմության պնդումներին, թե քաղաքական դաշտը ՀՀԿ-ն է ամայացրել, որի թարմ օրինակը իշխանափոխության լծված Գագիկ Ծառուկյանի նկատմամբ փետրվարյան «ջարդն» էր, Սահակյանն արձագանքել է. «Քաղաքական պրոցեսներն էնպիսին են, որ եթե քաղաքական ուժերը տեսնում են վտանգներ կան, հակասահմանադրական կոչերի պայմաններում պիտի ընթանա… Ես կարծում եմ` վերջին իր (Ծառուկյանի-խմբ) հանրային ընկալումները, վերջին կոչերը միգուցե, կարելի էր համարել հրապարակախոսական կոչ, բայց ասում էր` եթե այսպես, ուրեմն այսպես»:
Գալուստ Սահակյանը հրաժարվել է ոտքի վրա պարզաբանել Ծառուկյանի այն հայտարարությունը, թե քաղաքական պայքարից հեռացավ` արյուն թափելու վտանգներից խուսափելու համար: «Ես չեմ ուզում դա վերլուծել, որովհետեւ դուք ուզում եք ոտքի վրա եւ արյունը որոշել, եւ թափողին որոշել, եւ ամեն ինչ: Ես ուզում եմ ասել` քաղաքական հանգամանքներն այնպիսին էր, որ ժողովրդին դրդելու ճանապարհով էին գնում, եւ էդտեղ ոչ միայն պիտի մեղադրել Ծառուկյանին, այլ էդտեղ կար Լեւոն- Տեր Պետրոսյանի մատը, այնքա՜ն մատներ կային»:





























