Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 9-ին, դատախազը պահանջեց 23 տարվա ազատազրկման դատապարտել 24-ամյա Ալբերտ Մոմջյանին, որը մեղադրվում է իր տատին՝ Սիլվա Գալստյանին, թալանելու, սպանելու եւ նրա դին այրելու մեջ:
Ըստ դատախազ Մարտին Նալբանդյանի՝ Ալբերտ Մոմջյանին մեղսագրվող արարքը դատաքննության ընթացքում լիովին ապացուցվել է։
Դատախազի խոսքով՝ ամբաստանյալի տված ցուցմունքները չեն համապատասխանում իրականությանը։
«Ամբաստանյալը ցուցմունք է տվել, որ ինքը դիտավորությամբ չի տատին կյանքից զրկել, իրենց միջեւ վեճ է եղել, տատն ընկել է, գլուխը հատակին է խփել, մինչդեռ դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Սիլվա Գալստյանին խեղդամահ են արել»,-նշեց դատախազը։
Տուժողի իրավահաջորդ Հովհաննես Մոմջյանի ներկայացուցիչը եւս նշեց, որ ամբաստանյալի ցուցմունքները մտացածին են, նրա մեղավորությունը լիովին ապացուցված է եւ նա պետք է մեղավոր ճանաչվի։
Պատասխանող կողմը պաշտպանական ճառին պատրաստվելու համար դատարանից ժամանակ խնդրեց։ Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 17-ին։
Նշենք, որ Ալբերտ Մոմջյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ժամանակավորապես բնակվելով իր տատ` Սիլվա Գալստյանին պատկանող բնակարանում, միասնական հանցավոր մտադրությամբ, շարունակաբար` 2014թ. սեպտոմբորի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում գաղտնի հափշտակել է վերջինիս պատկանող խոշոր չափի` ընդհանուր 2.963.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա զարդեր: Այնուհետև` իր կատարած հանցանքը թաքցնելու նպատակով, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով` պարանոցի օրգանները սեղմելով, ձեռքերով հարվածներ է հասցրել իր տատ Ս. Գալստյանին ու վերջինիս դիտավորությամբ ապօրինաբար զրկել է կյանքից, որից հետո գիշերը` իր մեքենայով Ս. Գալստյանի դին տեղափոխել է Կոտայքի մարզի Գառնի գյուղից դեպի Արտաշատի տարածաշրջան տանող ավտոճանապարհի հարակից տարածք և այրել:
Ալբերտ Մոմջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով։ Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։





























