6,5 տարվա ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն այսօր՝ նոյեմբերի 9-ին դադարեցրել է 10 օր առաջ սկսած հացադուլը: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա կինը՝ Մարգարիտա Բաղրամյանը:

Վոլոդյա Ավետիսյանի հետ հացադուլը դադարեցրել է նաեւ Փայլակ Խանամիրյանը: 3 դատապարտյալ շարունակում է հացադուլը:

Հիշեցնենք, որ «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնության մեկ տասնյակ անդամներ Վոլոդյա Ավետիսյանին ուղղված նամակ էին հանձնել «Վարդաշեն» ՔԿՀ` իրենց մարտական ընկերոջը հորդորելով դադարեցնել հացադուլը:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը հացադուլ էր հայտարարել հոկտեմբերի 30-ին՝ այն բանից հետո, երբ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովը երկրորդ անգամ մերժել էր իր դիմումը: Նրան էին միացել եւս 7 դատապարտյալ, որոնցից երեքը մի քանի օր առաջ դադարեցրել էին հացադուլը:

Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանն արցախյան ազատամարտի մասնակից է, եղել է Լեոնիդ Ազգալդյանի աջ ձեռքը, ունի 6 զավակ, որոնցից 3-ն անչափահաս են, ընտանիքն էլ ծանր սոցիալական պայմաններում է ապրում:

Վոլոդյա Ավետիսյանը դատապարտվել է խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը 2014թ. հուլիսի 17–ին Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։ Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները մերժել են Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի  բողոքը: