Նավթային շուկաները կշարունակեն հագենալ հաջորդ հինգ տարվա ընթացքում, որովհետեւ Մերձավոր Արեւելքի արտահանողները մեծացնում են արտադրողականությունը, այդ մասին տեղեկացնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ՕՊԵԿ-ում Քուվեյթի ներկայացուցիչ Մուհամեդ ալ-Շատիին

Գործակալության հավաքած տվյալների համաձայն, հունիսին Իրաքն օրական ռեկորդային  4,4 մլն բարել է արդյունահանել։ Ալ-Շատին հավելել է, որ Լիբիայի արտադրողականությունը, որը ռազմական հակամարտության ֆոնին կրճատվել է ավելի քան երկու անգամ, ցանկացած պահի կարող է վերականգնվել։ 

«Պատժամիջոցների վերացումից հետո Իրանը կարող է օրական 500 հազար բարելով մեծացնել իր արտահանումը, իսկ հետագա վեց ամիսների ընթացքում՝ օրական 1 միլիոն բարելով»,- հայտնել է Իրանի ազգային նավթային ընկերության գործադիր տնօրեն Ռոքնեդդին Ջավադին։  

«Գների նվազումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի ավարտվել շուկայի հագեցումը։  Մենք ակնկալում ենք, որ շատ երկրներում արտադրությունը կավելանա, մասնավորապես, Իրանական հումքի շնորհիվ»,- ասել է ալ-Շատտին, տեղեկացնում է   Gazeta-ն։