Հայաստանում այս տարվա 9 ամիսներին 2 տոկոս գնանկում է արձանագրվել, մինչդեռ ԱՊՀ երկրներում գրանցվել է գնաճ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, այդ ժամանակահատվածում ամենաբարձր գնաճն արձանագրվել է Ուկրաինայում՝ 41,4 տոկոս, ապա՝ Ռուսաստանում՝ 10,4 տոկոս, Բելառուսում՝ 9,2 տոկոս, Ղազախստանում՝ 2,9 տոկոս:
Մարտիրոսյանը նաեւ նշել է, որ Հայաստանում այս տարվա հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է գնանկում 0,4 տոկոսի չափով: Նրա խոսքով, վերջին 10 տարիների ընթացքում երկրորդ դեպքն է, որ գնանկում է գրանցվում հոկտեմբերին:
«Դա հիմնականում պայմանավորված է գյուղատնտեսական ապրանքների, մասնավորապես՝ մրգի եւ բանջարեղենի գնանկմամբ: Հիմա խանութներից կարելի է անգամ 150 դրամով խաղող գնել»,-ասել է նա՝ հավելելով, որ դա պայմանավորված է խաղողի առատ բերքով:
Փոխարենը, նրա խոսքով, նախորդ տարվա համեմատ աճել են դեղձի, գազարի, կաղամբի գները։
Մարտիրոսյանը կարծիք է հայտնել, որ հոկտեմբերի վերջին օրերի դիտարկումը, ցույց է տվել, որ գնանկումը երկար չի տեւի. «Վերջին երկու տասնօրյակի դիտարկմամբ պարզ է, որ գյուղատնտեսական ապրանքների էական գնաճ է սպասվում»:





























