«Զոհալ» ընկերությունը շահագրգռված է մեր երկրի էներգետիկ ոլորտում ներդրումներ կատարելու եւ տարբեր ուղղություններով (արեւային, հողմային էներգետիկա եւ այլն) երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու հարցում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ նշել է «Զոհալ» ընկերության հիմնադիր Ա. Ջաբար Գարգաշը (Արաբական Միացյալ Էմիրություններ):

Հանդիպմանը մասնակցել է նաեւ «Զոհալ»  ընկերության համասեփականատեր Ա. Մանժոսովը (Ավստրիա) եւ «Հելիոս Փաուեր» ընկերության սեփականատեր Ի. Գերգովը (Բուլղարիա):

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստանում էներգետիկ բնագավառում համագործակցության ծավալման եւ զարգացման հեռանկարները:

Վարչապետը ողջունել է «Զոհալ»-ի՝ Հայաստանում էներգետիկ ոլորտում ներդրումներ կատարելու պատրաստակամությունը եւ վստահեցրել, որ կառավարությունը հնարավորինս կաջակցի փոխշահավետ ծրագրերի իրականացմանը:  Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունում ներկայում քննարկվում է ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ռազմավարությունը, եւ այս համատեքստում Հայաստանը հետաքրքրված է բարեփոխումների շարունակական իրականացման եւ ոլորտային նոր ուղղությունների զարգացման հարցում: Կառավարության ղեկավարը կարեւորել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության հետ համատեղ աշխատանքը՝ առաջիկա ծրագրերը հստակեցնելու առումով: