Հայաստանցի ուղեւորներն անհրաժեշտության դեպքում գերադասում են թռչել ոչ թե Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից, այլ 300 կմ կտրել-հասնել Թբիլիսի։ Այդ մասին նոյեմբերի 9-ին խորհրդարանական լսումների ընթացքում ասել է Տնտեսական հանձնաժողովի նախագահ, իշխող Հանրապետական կուսակցությունից պատգամավոր Վարդան Այվազյանը։
«Շատ գեղեցիկ խոսքեր եք ասում, զբոսաշրջության համար ամենատարբեր արտոնություններով օրենքներ եք ընդունում, բայց ոչինչ դուրս չի գալիս։ Նշանակում է՝ ինչ-որ բան սխալ է,- ասել է Այվազյանը։ Այո, 2015-ին ավելի շատ զբոսաշրջիկ է եկել, բայց այլ կերպ չէր կարող լինել, Ցեղասպանության 100-րդ տարելիցն էր, հավելել է Այվազյանը։
Ի պատասխան Հայաստանի Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանն ասել է, որ զբոսաշրջության մեջ ներդրումներից ստացվող եկամուտը համեմատելի է տարածաշրջանում զբոսաշրջության ոլորտի այլ ներդրումների հետ։ «Այո, մեր հարեւանները մեզ գերազանցում են զբոսաշրջիկների թվի առումով, բայց եթե ուշադիր նայենք, թե նրանք ինչ ռեսուրսներ են ներդնում, վերահաշվարկի արդյունքում մենք նրանց չենք զիջում», - ասել է նա։





























