Հավանաբար Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կհատուցվի 2016թ. ՀՀ պետական բյուջեից։ Այս մասին նոյեմբերի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է տնտեսագետ, Հայաստանի ԿԲ նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանը։
Նրա խոսքով՝ բյուջեի նախագծի «Տնտեսական ծախսերի մասին» հոդվածի համաձայն՝ ծախսերի աճը կկազմի 34 տոկոս։ «Ծախսերի ամենախոշոր աճը նախատեսվում է հենց այդ հոդվածով։ Բայց պետք է հաշվի առնենք, որ անցյալ տարվա բյուջեում այդ հոդվածով կրճատումները կազմել էին 26 տոկոս։ Եթե վերցնենք երկու տարիների արդյունքը՝ ապա կարելի է եզրակացնել, որ բյուջետային ծախսերի քաղաքականության մեջ անբարենպաստ շեղում է տեղի ունեցել, իսկ հիմա իրավիճակը շտկվում է»,- նշեց տնտեսագետը։
«Սակայն ինչի՞ հաշվին է տեղի ունեցել այդ փոփոխությունը։ Ես ուսումնասիրել եմ, թե տնտեսական հարաբերությունների որ հոդվածներն են նախատեսում ամենամեծ ծախսերը։ Ամենամեծ մասը էլեկտրաէներգիայի ծախսերն են՝ 13.5 մլրդ դրամ։ Հավանաբար մենք պետք է համապատասխան եզրակացություններ անենք։ Մեզ ասել են, որ էլեկտրաէներգիայի գինը չի բարձրանա, բայց ըստ էության սակագինը բարձրանում է, եւ դա փոխհատուցվում է պետբյուջեից»,- եզրափակել է Բագրատ Ասատրյանը։





























