Երեւանից զորակոչված 47 ժամկետային զինծառայողներ հնարավորություն են ստացել Երեւանում հանդիպելու իրենց ծնողներին եւ հարազատներին, ինչպես նաեւ խրախուսվել են 5-10-օրյա արձակուրդով: Բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու եւ ծառայության մեջ աչքի ընկած զինվորներին խրախուսելու նպատակով իրականացվող ծրագրում այս անգամ ընդգրկվել են ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի զինվորները:

Պատանի հանդիսատեսի թատրոնում զինվորների եւ նրանց ծնողների համար կազմակերպված հանդիսավոր արարողության ընթացքում կազմակերպվել է հանդիպում ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի հետ: Հանդիսության շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին` քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը նկատել է, որ Երեւանի քաղաքապետարանի ու ՀՀ պաշտպանության նախարարության միջեւ ձեւավորված համագործակցության արդյունքում կյանքի են կոչվում տարբեր ծրագրեր, որոնց թվում նաեւ` երեւանաբնակ զինծառայողների ու նրանց ծնողների պարբերական հանդիպումները: 

«Դուք, սիրելի զինվորներ, հրամանատարական եւ սպայական կազմի հետ մեկտեղ ապահովում եք մեր երկրի սահմանների եւ մեր խաղաղությունը: Ուզում եմ ձեզ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից վստահեցնել, որ մենք էլ այստեղ մշտապես լինելու ենք ձեր ծնողների կողքին, նրանց օգնականն ու աջակիցը: Կարծում եմ` բոլորդ տեղյակ եք երեւանաբնակ զինվորների ծնողներին տարեկան առնվազն երկու անգամ սահմանամերձ զորամասեր ուղեկցելու` արդեն ավանդույթ դարձած մեր ծրագրի մասին, որը բավական մեծ արձագանք է գտել: Մեր մյուս նախաձեռնությունը, որի մասնակիցներն այժմ դուք եք, եւս շարունակական է լինելու: Ուզում եմ վստահեցնել, որ Երեւանի քաղաքապետարանը շարունակելու է խրախուսել եւ աջակցել բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, մեր բանակի մարտունակությանը, մեր զինվորի անվտանգ ծառայությանն ուղղված ցանկացած նախաձեռնության»,- ընդգծել է Դավիթ Օհանյանը։

ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանն իր հերթին կարեւորելով Երեւանի քաղաքապետի կողմից համատեղ ծրագրերի կյանքի կոչմանն ուղղված մշտական աջակցությունը, նշել է, որ նման նախաձեռնությունները նպաստում են, որպեսզի զինվորների մեջ սերն ու հավատը Հայրենիքի վաղվա օրվա նկատմամբ ավելի ամուր լինեն, իսկ ծնողներն իսկապես հպարտ լինեն բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած իրենց զավակների համար:

Հանդիսավոր արարողության ընթացքում առավել աչքի ընկած 16 զինվորներ պարգեւատրվել են Երեւանի քաղաքապետի պատվոգրերով: Իսկ մարտական հերթապահության ընթացքում աչքի ընկած զինվորների ծնողներն էլ ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի կողմից պարգեւատրվել են շնորհակալագրերով: Հանդիսության ընթացքում ցուցադրվել է նաեւ ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի մասին պատմող վավերագրական ֆիլմ: Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել ՀՀ զինված ուժերի երգի ու պարի համույթի անդամները:

Հիշեցնենք, որ մինչ այս, նախորդ երկու նմանատիպ հանդիպումները կայացել էին  ՀՀ ՊՆ 3-րդ եւ 1-ին բանակային կորպուսների հրամանատարների հետ: