Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հայտնել է, որ եկող շաբաթ ԵՄ-ի անդամ երկրների կառավարությունների հետ երկկողմ խորհրդակցություններ կացկացնի Լոնդոնի՝ Եվրամիությունը բարեփոխելու առաջարկների շուրջ։ Այդ մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը։
Նրա տվյալների համաձայն, Տուսկը հաստատել է, որ Միացյալ Թագավորության վարչապետ Դեվիդ Քեմերոնից նամակ է ստացել, որում նշված են երկրի՝ ԵՄ անդամ դառնալու պայմանները վերանայելու վերաբերյալ Լոնդոնի չորս պահանջները, որոնք պիտի քննարկվեն Բրյուսելի հետ բանակցություններում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Բրիտանական կառավարության ղեկավարը պահանջել է Մեծ Բրիտանիայի եւ եվրոյի գոտու մեջ չմտնող այլ երկրների միասնական շուկայի պաշտպանություն, ավելի մրցունակ ԵՄ-ի ստեղծում, Մեծ Բրիտանիայի ազատում ԵՄ-ն «հնարավորինս սերտ» միություն դարձնելու գործընթացից, ԵՄ ժամանած միգրանտների համար այն արտոնությունների արգելափակում, որոնք նախատեսված են աշխատողների համար։





























