Հայաստանի ընդդիմությունը չպիտի շահարկի ընտրացուցակների թեման։ Այդ մասին նոյեմբերի 10-ին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի անդամ  Հովհաննես Սահակյանը՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքի քննարկումների ընթացքում։

Օրենքի նախագծերի նպատակը նույնականացման քարտերով քվեարկությունը թույլատրելն է, այդ թվում նաեւ՝ դեկտեմբերի  6-ի սահմանադրական հանրաքվեի ընթացքում։

Որպես զեկուցող հանդես գալով, օրենքի համահեղինակ Սահակյանը հիշեցրել է ընդդիմության այն մեղադրանքի մասին, թե  իշխանությունը ընտրացուցակներում թողնում է ընտրողների, որոնք արդեն վաղուց մեկնել են երկրից։  Նա հիշեցրել է, որ 2005-ից ի վեր ընտրական ցուցակները կազմվում են իշխանության տեղական մարմինների կողմից եւ անհնար է ինչ-որ մեկին ուղղակի ջնջել։  Քաղաքացին ինքը պիտի դիմում ներկայացնի եւ իր անունը հաշվառումից հանել տա։ 

«Եվ ընդդիմությունը լավ գիտի այդ օրենքը։ Բայց շարունակում է խոսել, թե ահա, մարդը տարիներով աշխատում է արտասահմանում, բայց հաշվառված է ընտրացուցակներում, կեղծիքներ սպասեք։ Թախանձագին խնդրում եմ. օրենքն իմանալով պետք չէ այդպես խոսել», - ասել է Սահակյանը։