Ադրբեջանի ԱԳՆ-ն, ի դեմս մամուլի ծառայության պետ Հիքմեթ Հաջիեւի,  արհամարհական արձագանք է տվել ԵԽԽՎ-ի քաղաքական հարցերի հանձնաժողովի որոշման վերաբերյալ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի երեկվա հայտարարությանը։ Հանձնաժողովը հավանություն էր տվել Ռոբերտ Ուոլթերի զեկույցին։   

Ռուս նախարարի քննադատությանն ի պատասխան, ադրբեջանցի պաշտոնյան  Լավրովին ցույց է տվել, թե իր կարծիքով ինչ փաստաթղթերով պիտի առաջնորդվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։   «20-ից ավելի տարվա ընթացքում Մինսկի խումբը հակամարտության կարգավորման հարցում որեւէ առաջընթաց չի արձանագրել», - ասել է Հիքմեթ Հաջիեւը։  «Ցավալի է, որ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի աջակցությամբ ջանում են իրենց մենիշխանությանը ենթարկել խաղաղ գործընթացը եւ պահպանել գոյություն ունեցողող ստատուս քվոն», - հավելել է ադրբեջանցի պաշտոնյան։ «Ադրբեջանը  առկա բոլոր միջոցները կօգտագործի միջազգային մակարդակում ճանաչված իր սահմաններում իր տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը վերականգնելու նպատակով»,- ընդգծել է ԱԳՆ-ի ներկայացուցիչը։

Ավելի վաղ նման հայտարարություն էր հասցեագրվել նաեւ ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին, որը եւս բացասական վերաբերմունք էր հայտնել ԵԽԽՎ հանձնաժողովի որոշման վերաբերյալ։