1990-ական թթ. ընտրակեղծիքների մասին բոլորից բարձր գոռում են նրանք, ովքեր այդ ընտրությունների արդյունքում իշխանությունում տեղ են ստացել։ Այս մասին նոյեմբերի 10-ին ՀՀ խորհրդարանում ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքում եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններին։
Զուրաբյանի խոսքով՝ 1995թ. խորհրդարանական ընտրություններում 150 միամանդատ շրջաններից «Հանրապետություն» բլոկը հաղթեց միայն 97-ում։ Իսկ ՀՀՇ-ն՝ 55-ում։ Մնացած տեղերը բաժանվել էին այլ կուսակցությունների, այդ թվում՝ ներկայիս իշխող կուսակցության միջեւ։ «Իսկ հիմա այդ մարդիկ բոլորից բարձր գոռում են 1990-ական թթ. ընտրությունները կեղծելու մասին։
Դա Վահրամ Բաղդասարյանն է, Խոսրով Հարությունյանը, Արտաշես Գեղամյանը եւ շատերը։ էլ չասած նրանց մասին, ովքեր հիմա գործադիր իշխանությունում են՝ Դավիթ Հարությունյանը, Մանուկ Վարդանյանը, Վիկտոր Դալլաքյանը, Վազգեն Մանուկյանը եւ այլն։ Եթե 90-ական թթ. ընտրություններն այդքան վայրենի էին, ապա ինչպե՞ս եք դուք հաղթել այն ժամանակվա իշխանություններին։ Օգնել եք կեղծե՞լ։ Գալուստ Սահակյանը, Վարդան Այվազյանը, Գագիկ Մինասյանը, Հերմինե Նաղդալյանը, Սուքիաս Ավետիսյանն այն ժամանակ «Հանրապետություն» բլոկում էին եւ մանդատներ էին ստացել այդ ահավոր ընտրությունների շնորհիվ։ Նշանակում է՝ նրանք իրենց անօրինական պատգամավորնե՞ր են համարում։ Դուք գոնե հասկանու՞մ եք, որ ինքներդ ձեզ մեղադրում եք ընտրակեղծիքի մեջ։ Չէ՞ որ 1995թ.-ից ՀՀԿ-ն ՀՀՇ-ի հետ նույն բլոկում էր, իսկ նշանակում է, որ պատասխանատու է բոլոր հանցագործությունների համար։ Իսկ եթե դուք շարունակում եք հայտարարել, թե ընտրակեղծիքներ եղել են, ապա ո՞վ է ձեզ խանգարում պատասխանատվության կանչել նրանց։ Դուք դա չեք անում կամ որովհետեւ հեքիաթներ եք պատմում եւ ստում եք կամ ուղղակի ծածկում եք հանցագործներին»,- ասել է Զուրաբյանը։





























