Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Ջերմուկում այսօր մեկնարկել է Գյուղական համայնքների հինգերորդ ամենամյա համաժողովը: Ֆորումի նպատակը գյուղական համայնքների կայուն զարգացման ոլորտում գործող բոլոր մարմինների մասնակցությամբ տեղական ինքնակառավարման համակարգի եւ գյուղական համայնքների խնդիրների քննարկումն է, փորձի փոխանակումը, իրականացվող ծրագրերի եւ քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը: Նշենք, որ 2015 թ. նոյեմբերի 10-ին նշվում է նաեւ Տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 19-ամյակը:

Տեղական ինքնակառավարման համակարգի աշխատանքներում ներդրած ավանդի համար Հովիկ Աբրահամյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգեւատրել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդին, Ստրասբուրգի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր, Եվրոպայի խորհրդի փորձագետ Ռոբեր Հերցոգին եւ ՀՀ Վայոց ձորի մարզի Ելփին գյուղական համայնքի ղեկավար Խորեն Ավետիսյանին: ՀՀ-ում տեղական ինքնակառավարման համակարգի կայացման գործում ակտիվ մասնակցություն ունենալու համար կառավարության ղեկավարը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգեւատրել նաեւ «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» ՀԿ նախագահ Ջեմմա Հասրաթյանին:

 Ողջունելով ֆորումի կազմակերպիչներին եւ մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ ավանդույթ դարձած այս համաժողովը հնարավորություն է ընձեռում միասին քննարկել գյուղական համայնքների զարգացման խնդիրները, իրականացված գործողությունների արդյունքները եւ ներկայացնել հետագա անելիքները։ «Հատկանշական է, որ ֆորումն անց է կացվում այսօր՝ նոյեմբերի 10-ին` Տեղական ինքնակառավարման մարմինների օրը, եւ այս առիթով շնորհավորում եմ ձեզ եւ մեր մյուս բոլոր գործընկերներին», - նշել է Հովիկ Աբրահամյանը եւ շնորհավորել նաեւ 2015 թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում ընտրված եւ վերընտրված համայնքապետերին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք:

Անդրադառնալով հինգերորդ ամենամյա ֆորումի շրջանակում քննարկվելիք թեմաներին՝ կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Այս տարվա  համաժողովի օրակարգում  ներառված են գյուղատնտեսության եւ զբոսաշրջության բնագավառներին առնչվող խնդիրներ: Դրանցից առաջինը նախանշում է  գյուղական համայնքների բնակչության զբաղվածությունը եւ եկամուտները, երկրորդը` նոր ձեւավորվող գործունեությունը եւ հնարավորությունները։

Գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի մասին մեր համայնքների ղեկավարները քաջատեղյակ են, քանի որ դրանց մեծ մասը իրականացվում է իրենց անմիջական մասնակցությամբ եւ աջակցությամբ: Դրանք են՝ մատչելի որակյալ սերմերով, պարարտանյութով, դիզվառելիքով, գյուղատնտեսական մեքենաներով եւ սարքավորումներով, նոր այգիների տնկման համար բազմատեսակ տնկիներով ապահովման ծրագրերը եւ այլն։ Տարբեր ուղղություններով առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում նաեւ ֆերմերային տնտեսություններին: Իմ անմիջական ուշադրության կենտրոնում եղել եւ մնում են գյուղացու ամենօրյա չարչարանքով ստեղծված գյուղմթերքի իրացման խնդիրները: Միեւնույն ժամանակ իրականացվում են աշխատանքներ՝ ավելի շատ հողատարածքներ ոռոգելի դարձնելու եւ եղած իռիգացիոն համակարգերը բարեկարգելու ուղղությամբ: Մեծ հեռանկար ունի ինտենսիվ գյուղատնտեսությունը, որի վառ ապացույցն է ջերմոցային տնտեսությունների ավելացումը եւ զարգացումը:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս հրատապ ծրագրերի շրջանակում ՀՀ մարզերին հատկացվել է շուրջ 4.3 մլրդ ՀՀ դրամ գումար, որը հիմնականում ուղղվել է կրթական օբյեկտների, համայնքային նշանակության ճանապարհների, առողջապահական կազմակերպությունների, բազմաբնակարան շենքերի տանիքների եւ այլ օբյեկտների հիմնանորոգմանը»:

Վարչապետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության, Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության, ինչպես նաեւ միջազգային մյուս կառույցների դերակատարությունը վարչատարածքային բարեփոխումների գործընթացում: «Նրանց օժանդակությամբ Տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով համայնքների փորձնական 14 փնջերում կիրականացվեն ավելի քան 13.0 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի աշխատանքներ: Մարզային զարգացման ծրագրերի իրականացման նպատակով Եվրոպական միության կողմից հատկացվել է ավելի քան 13.0 մլն եվրոյի օժանդակություն, որոնց ծրագրերի մրցույթները հայտարարվել են, եւ որոնց մասնակցության պարտադիր պայման է համարվում համայնքների ներգրավվածությունը», - շեշտել է կառավարության ղեկավարը։

Տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետության եւ արդյունավետ տեղական իշխանություն ձեւավորելու տեսանկյունից Հովիկ Աբրահամյանը կարեւորել է նաեւ բնակիչների ակտիվ մասնակցությունը որոշումների կայացմանը եւ իրականացմանը եւ ընդգծել, որ հենց այդ նպատակին են ծառայում Միավորված ազգերի կազմակերպության օժանդակությամբ ժողովրդավարական կառավարման արմատավորմանն ուղղված բազմաբնույթ ծրագրերը: «Մենք նաեւ հետեւողական աշխատանքներ ենք իրականացնում համայնքներում տեղեկատվական համակարգերի ստեղծման եւ ներդրման ուղղությամբ: Ասվածիս վառ ապացույցն է «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի ստեղծում եւ ներդրում ՀՀ համայնքապետարաններում» ծրագրի իրականացման համար այս տարվա հոկտեմբերին Մեքսիկայի Միացյալ Նահանգների Մեխիկո քաղաքում կայացած «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գլոբալ համաժողովում Հայաստանի ստացած մրցանակը: Հավաստիացնում եմ, որ իրականացվող բարեփոխումները լինելու են շարունակական: Վստահ եմ՝ ունենալու ենք կայուն եւ բարեկեցիկ կենսամիջավայր ապահովող համայնքներ», - նշել է վարչապետը: Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ միջազգային գործընկերների հետ միասին ՀՀ կառավարությունն աջակցելու համայնքների զարգացմանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնության կյանքի կոչմանը եւ, միայն թե համայնքների ղեկավարությունը պետք է աշխատի ավելի արդյունավետ եւ հոգա ազգաբնակչության խնդիրները: «Տարեցտարի ՀՀ կառավարությունը, քաջ գիտակցելով տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմինների կարեւորությունը մեր երկրի կայացման գործընթացում, ավելի շատ ֆինանսական միջոցներ է հատկացնելու եւ աջակցելու, որպեսզի այդ ինստիտուտները կայանան: Դա է մեր երկրի ապագան, եւ մենք ունենալու ենք հզոր համայնքներ ու հզոր պետություն», - եզրափակել է վարչապետը՝ համաժողովի մասնակիցներին մաղթելով հաջողություն եւ արդյունավետ աշխատանք։

Իրենց ելույթներում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը եւ Ստրասբուրգի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր, Եվրոպայի խորհրդի փորձագետ Ռոբեր Հերցոգը շնորհակալություն են հայտնել վարչապետ Հովիկ Աբրահամյանին պարգեւատրման համար եւ կարեւորել Հայաստանում գյուղական համայնքների՝ արդեն ավանդական դարձած համաժողովի անցկացումը:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդի խոսքով՝ ֆորումն արդյունավետ հարթակ է դարձել համայնքային զարգացման խնդիրները վեր հանելու եւ լուծման ուղիները քննարկելու առումով եւ հաշվի առնելով նախորդ տարիներին համաժողովների արդյունքում ոլորտում կատարված մեծ աշխատանքը՝ պետք է արձանագրել դրական տեղաշարժ: ՏԻՄ համակարգում բարեփոխումների իրականացման համատեքստում ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավարը կարեւորել է Հայաստանի համայնքների խոշորացման գործընթացը՝ որպես ապակենտրոնացված կառավարման արդյունավետ միջոց:  Նշելով, որ կառավարման առումով համայնքների խոշորացումը կարեւոր եւ արդյունավետ փոփոխություն է համայնքների եւ մարդկանց կյանքում՝ Քարեն Հիլիարդն ԱՄՆ ՄԶԳ անունից պատրաստակամություն է հայտնել ՀՀ իշխանության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համատեղ շարունակելու աջակցությունն այս գործընթացին եւ ընդհանրապես ՏԻՄ համակարգի բարեփոխումներին:

Իր հերթին Ստրասբուրգի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր, Եվրոպայի խորհրդի փորձագետ Ռոբեր  Հերցոգը նշել է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կանգնած է ՏԻՄ համակարգի բարեփոխումների ակունքներում, եւ դեռեւս ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնում նախաձեռնել է այս գործընթացը: Նա նշել է, որ Հայաստանը հուսալի գործընկեր է Եվրոպայի խորհրդի համար եւ գոհունակությամբ նշել, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել ստորագրել տեղական ինքնակառավարման մարմինների բարեփոխումների եվրոպական խարտիան:

Վարչապետ Աբրահամյանը Ջերմուկում այցելել է նաեւ «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ  կազմակերպված ցուցահանդես, ծանոթացել Մեղրու տարածաշրջանը ներկայացնող «Այգեգործ ֆերմերների աջակցության կենտրոն»-ի առաջարկած սարքավորումներին ու ծառայություններին:

Գյուղական համայնքների հինգերորդ ամենամյա համաժողովին մասնակցում են Հայաստանի Հանրապետության 129 համայնքի ղեկավար (ներառյալ 17 կին եւ 49 քաղաքային համայնքի ղեկավար) եւ 20 ավագանու անդամներ, մարզերում տարբեր ծրագրեր իրականացնող տեղական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ: Համաժողովի շրջանակում քննարկվելու են  գյուղատնտեսության եւ զբոսաշրջության զարգացմանը, տեղական ինքնակառավարման մարմինների կայացմանը եւ տարածքային համաչափ զարգացմանը վերաբերող հարցեր: