ՀՀՇ-ն չտեսնված դաժանությամբ կեղծում էր 1990-ական թթ. ընտրությունների արդյունքները, իսկ հիմա ինքն է քննադատում ներկայիս իշխանություններին։ Այս մասին նոյեմբերի 10-ին ՀՀ խորհրդարանում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
«1991թ. Վանաձորի Գերագույն խորհրդի ընտրություններում ՀՀՇ-ն առաջադրանք էր տվել ընտրել ում ցանկանում են, միայն ոչ Վահրամ Բաղդասարյանին։ Առաջին փուլում ես հավաքեցի 57 տոկոս։ Դրանից հետո քվեաթերթիկները հաշվում են եւ ասում են՝ 37 տոկոս։ Երկրորդ փուլում լվացքի մեքենաների եւ հեռուստացույցների հազարավոր կտրոններ էին բաժանում։ Ես հետո պարզեցի, որ երկրաշարժից տուժած մեկ քաղաքին բաժին էր ընկնում 100 կտրոն։ 1995թ. առաջադրվել էր ոստիկանական վարչության պետի տեղակալ, ՀՀՇ անդամ։ Գիշերը ժամը 3-ին ինձ տարան Ոստիկանության բաժանմունք եւ ասացին՝ հանի՛ր թեկնածությունդ։ Ես ասացի, որ չեմ կարող։
Հրավիրում են Երեւան՝ ՆԳՆ։ Ես նորից ասում եմ, որ չեմ հանի։ Դրանից հետո տանում են վարչապետի մոտ, ես նորից հրաժարվում եմ։ Իմ բոլոր ընկերներին ընտրությունների օրը մինչեւ երեկո կալանավորում են։ Իսկ ես 10 անգամ ավելի շատ եմ հավաքում, քան ՀՀՇ թեկնածուն»,- ասել է Բաղդասարյանը։ Դրանից հետո ընտրակեղծիքների մասին ՀԱԿ դատողություններն ոչ այլ ինչ են, եթե ոչ դեմագոգիա։
ՀՀՇ-ն չի վստահում ժողովրդին, ավելին՝ սեփական վստահված անձանց։ Պատճառն այն է, որ ժողովուրդը չի վստահում նրանց։ Մարդիկ տեսել են, թե 1990-ական թթ. ՀՀՇ-ն ինչ էր անում եւ ինչ «գիտական ներուժ» էր օգտագործում կեղծիքների համար։Բայց մենք արդեն արմատախիլ ենք արել գրեթե ամեն բան»,- ասել է Վահրամ Բաղդասարյանը։





























