ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները դեռեւս չեն այցելել Ադրբեջանի պետական սահմանը հատած ՀՀ քաղաքացուն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է ԿԽՄԿ երեւանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Հիշեցնենք, որ խոսքը Կոթիի բնակիչ Լուսիկ Աբովյանի (1939թ.) մասին է։ Կողմերը ԿԽՄԿ-ն տեղյակ են պահել նոյեմբերի 9-ին սահմանը հատելու փաստի մասին։ «ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները իրենց մանդատին համապատասխան՝ կբանակցեն Ադրբեջանի իշխանությունների հետ քաղաքացուն անհապաղ այցելելու համար»,- նախօրեին ասել էին ԿԽՄԿ ներկայացուցիչը։
Ադրբեջանի ՊՆ-ի փոխանցմամբ՝ ՀՀ քաղաքացուն ձերբակալել էին նոյեմբերի 8-ին։ «Հայաստանի ձերբակալված քաղաքացուն վերաբերում են ըստ միջազգային իրավունքի նորմերով սահմանված օրենքի։ Կարճ ժամանակահատվածում, համապատասխան ընթացակարգերից հետո նրան կհանձնեն մյուս կողմին»,- ասված է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ։ Սակայն միջադեպից 3 օր անց կինը դեռ չի վերադարձել հայրենիք։