Այս տարվա սկզբին 8 ամսական երկվորյակ եղբայրներին մահացու վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող Ռազմիկ Ավետիսյանը չի ընդունում իրեն առաջադված մեղադրանքը։

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 10-ին, մեկնարկեց 4 հոգու վրաերթի ենթարկելու գործով դատաքննությունը։

Մեղադրանքի հրապարակումից հետո Ռազմիկ Ավետիսյանն ասաց, որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ, քանի որ պատահարն ազգուշության հետեւանքով է գրանցվել, ինքը հիվանդություն ունի, որի պատճառով գիտակցությունն այդ պահին կորցրած է եղել։

«Ես շատ եմ ցավում կատարվածի համար, բայց ես մեղավոր չեմ, իմ գիտակցությունը տեղը չի եղել, ես չեմ գիտակցել՝ ինչ եմ արել»,-արդարացավ մեղադրյալը։

Դատարանի դահլիճում գտնվող տուժողի հարազատներից մեկն արձագանքեց՝ «Էդ հիմա գիտակցում ես, բա էն ժամանակ չէիր գիտակցու՞մ, որ չպետք ա ռույլին նստես»,-ինչի համար տղամարդը դատարանի կողմից նախազգուշացվեց։

Մեղադրող դատախազը հստակեցրեց, որ Ռազմիկ Ավետիսյանին նաեւ մեղադրանք է առաջադրվել այն մասով, որ վերջինը հիվանդության պատճառով պետք է ընդհանրապես մեքենա չվարի, սակայն վարել է, նույնիսկ վարորդական վկայական ունի։ 

Ռազմիկ Ավետիսյանը նաեւ այս մասով իրեն առաջադրված մեղադրանքը չընդունեց։

Մահացած երկվորյակների մայրը՝ տուժող Աննա Հարությունյանն իր ցուցմունքում նշեց, որ իր որդիների հետ մայթով քայլելիս է եղել, երկվորյակներից մեկը լաց է եղել, ինքը կռացել է, որպեսզի մանկասայլակից վերցնի լաց լինող որդուն՝ Տիգրանին, ապա բախումի ձայն է լսել, եւ տեսել, որ դեպի իրենց մեծ արագությամբ, ոլոր-մոլոր մի մեքենա է գալիս։

«Էլ ոչինչ չեմ հիշում։ Արթնացա հիվանդանոցում, երեխաներիս պահանջեցի, հայրս պատմեց, որ էս ոչխարի պատճառով երեխեքս մահացել են»,-ասաց տուժողը՝ ավելացնելով, որ որդիների հուղարկավորության եւ բուժման ծախսերի համար 5 մլն. 250 000 ՀՀ դրամ է պահանջում ամբաստանյալից։

Ամբաստանյալի կինը՝ Գայանե Ժամկոչյանը դատարանում հաստատեց, որ ամուսինը գիտակցությունը կորցրել է դեպքի պահին։

«Միասին գնում էինք Կոմիտաս, նկատեցի, որ մայթից դուրս մի տարեց կին էր քայլում, բայց մտքովս անգամ չանցավ, որ կարող ենք նրան վրաերթի ենթարկել, հետո գմփոց լսեցի, շրջվեցի տեսա, որ կինը ընկել է, նրան բարձրացնում են, եւ ոչինչ չի եղել, հետո դեմքս հարվածեցի, ու բախվեցինք ցանկապատին։ Թեքվեցի, տեսա՝ ամուսինս ուշագնաց է, բիբերը չեն երեւում։ 2-3 րոպե հետո ամուսինս ուշքի եկավ,  հարցրեց՝ էս ի՞նչ ա վիճակդ, ասեցի կնոջ ես վրաերթի ենթարկել, ես դեռ չգիտեի, որ երկվորյակներին եւ նրանց մորն էլ ենք վրաերթի ենթարկել, ես նրանց չեմ տեսել մեր ճանապարհին։ Արմենն ասեց՝ ի՞նչ կին, ինչ վրաերթ, ոչինչ չէր հիշում։ Ես էլ էի ապշահար, շոկի մեջ էի, չէի հասկանում ի՞նչ է կատարվել»,-պատմեց վարորդի կինը՝ հավելելով, որ ամուսինը սրտի հիվանդություն ունի, սակայն 20 տարվա ընթացքում նրա մոտ գիտակցության կորուստի դեպքեր չեն եղել։

83-ամյա տուժող Անահիտ Կարապետյանը եւս դեպքից մանրամասներ չհիշեց։ Տարեց կինը դատարանում հայտնեց, որ վարորդի դեմ բողոք չունի, միայն 1 մլն. դրամի պահանջ ունի։

Հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 14-ին։ 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 19-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, քաղաքացի Ռ.Ավետիսյանի վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան ընթացել է Մարաշի Արմենակյան փողոցով Հերացու փողոցի ուղղությամբ, շուրջ 40կմ/ժ արագությամբ: Հասնելով Արմենակյան փողոցի թիվ 122 հասցեի դիմաց՝ վրաերթի է ենթարկել 82-ամյա Անահիտ Կարապետյանին, ապա դուրս եկել երթեւեկելու գոտուց եւ բարձրանալով մայթին վրաերթի ենթարկել 29-ամյա Աննա Հարությունյանին, նրա մանկահասակ երկվորյակ որդիներին, այնուհետեւ բախվել ցանկապատին: Երկվորյակները մահացել են, նրանց մայրն էլ վնասվածքներ ստացել։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով` ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: