Իշխանությանը քննադատելու մոլուցքի մեջ պետք չէ մոռանալ, որ կոնյուկտուրան կարող է փոխվել։ Այդ մասին նոյեմբերի 10-ին խորհրդարանում հայտնել է ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը ID քարտերով քվեարկության վերաբերյալ օրինագծերի փաթեթի քննարկմանը։
«Դուք իշխող կոալիցիայում մեր գործընկերներն էիք, իսկ այժմ նման կտրուկ գնահատականներ եք տալիս՝ «Ամեն ինչ արդեն կեղծված է» եւ այլն։ Բայց չէ՞ որ ինչ ասես, կարող է պատահել։ Քաղաքական իրավիճակը կփոխվի եւ գուցե նորից համագործակցելու անհրաժեշտություն առաջանա։ Ինչպե՞ս եք վերհիշելու այն, ինչ հենց վերջերս էիք ասում», - ասել է Բաղդասարյանը։ Առաջիկա հանրաքվեի վրա ստվեր նետել չի հաջողվի, դրա օրինականությունն առավելագույնս ապահովված կլինի, հավելել է նա։





























