ՀՀ կառավարությունն առաջարկում է բարձրացնել դատախազության աշխատակիցների աշխատավարձերը։ Այս մասին նոյեմբերի 10-ին խորհրդարանում ասել է արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը՝ ներկայացնելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունները։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է համաձայնեցնել Գլխավոր դատախազության եւ Վճռաբեկ դատարանի աշխատակիցների աշխատավարձերի համահարաբերակցությունը։ «Այդ գերատեսչությունների ղեկավարների համար համահարաբերակցությունը պահպանվում է, մնացել են ենթակաները»,- ասել է Մկրտչյանը։ Առաջարկվում է մարզային եւ ռազմական կայազորային դատախազների աշխատավարձերի գործակիցը 7.5-ից դարձնել 8։ Գործակիցը բազմապատկվում է բազային դրույքով՝ 66 հազար դրամ։ Այդ պաշտոնյաների աշխատավարձերը կկազմի 1120 դոլար։