Քուվեյթի ԱԳՆ-ի ղեկավար, Նախարարների խորհրդի առաջին փոխնախագահ Սաբահ ալ-Խալեդ աս-Սաբահը հաստատել է, որ իրենք համամիտ են ահաբեկչության դեմ պայքարի առումով, ինչպես նաեւ Սիրիայի եւ Մերձավոր Արեւելքի այլ երկրների իրավիճակի վերաբերյալ ՌԴ դիրքորոշմանը։ 

«Ինչպես արդեն ասել է իմ գործընկերն ու ընկերը (ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը), մենք իրոք համամիտ ենք այն բոլոր կետերին, որոնց անդրադարձել ենք, նկատի ունեմ Եմենը, Իրաքը, Սիրիան, Լիբիան, մերձավորարեւելյան կարգավորումը եւ ահաբեկչության դեմ պայքարը», - լրագրողներին ասել է Քուվեյթի ԱԳՆ ղեկավարը բարձր մակարդակի ռուս-քուվեյթյան բանակցությունների արդյունքներով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նա ընդգծել է, որ Քուվեյթի համար շատ կարեւոր է Ռուսաստանի հետ կարծիքներ փոխանակել բոլոր հարցերի վերաբերյալ, որովհետեւ Մոսկվան հրաշալի ծանոթ է մերձավորարեւելյան տարածաշրջանի իրողություններին։ 

Սաբահ ալ-Խալեդ աս-Սաբահը նշել է, որ երկու երկրի հարաբերությունները միշտ աչքի են ընկել փոխադարձ հարգանքով եւ համաձայնությամբ։ Նա նաեւ ուշադրություն է դարձրել, որ բանակցություններն անդրադարձել են երկկողմ համագործակցության գրեթե բոլոր հարցերին, իսկ դրանց արդյունքում բազմաթիվ համաձայնագրեր են ստորագրվել։