Հայաստանի հետ հարաբերություններում Միացյալ Նահանգների կառավարության գլխավոր նպատակը ժողովրդավար, բարեկեցիկ, անվտանգ ու հարեւանների հետ խաղաղ համագոյակցող Հայաստանն է: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, որն այսօր՝ նոյեմբերի 10-ին ելույթ է ունեցել Հայ-ամերիկյան առեւտրաարդյունաբերական պալատի առաջ։
«Նախքան Երեւան ուղեւորվելս նախագահ Օբաման ու պետքարտուղար Քերին ինձ հետեւյալ ուղերձը փոխանցեցին. Հայաստանի հետ հարաբերություններում Միացյալ Նահանգների կառավարության գլխավորնպատակը ժողովրդավար, բարեկեցիկ, անվտանգ ու հարեւանների հետ խաղաղ համագոյակցող Հայաստանն է:
Այդ գլխավոր նպատակից էլ բխում են այն չորս ուղղությունները, որոնք ես նախանշել եմ որպես դեսպանության գործունեության գերակայություններ իմ այստեղ պաշտոնավարելու ժամանակահատվածի համար: Այսօր,թափանցիկության ապահովման նպատակով, ուզում եմ այդ գերակա ուղղությունները ներկայացնել ձեզ: Եթե ես Հայաստանին հորդորում եմ ապահովել հաշվետվողականություն, ապա իմ աշխատանքը, դեսպանության աշխատանքը նույնպես պետք է համապատասխանի այդ նույն չափանիշներին»,- նշել է դեսպանը:
Նա նկատել է, թե իր առաջին գերակայությունը գործարար ու առեւտրային հարաբերությունների խորացումն է մեր երկու երկրների միջեւ: «Թույլ տվեք հստակեցնեմ. ես չեմ խոսում օժանդակության նոր ծրագրերի մասին, այլ նկատի ունեմ առեւտուրը՝ համատեղ առեւտրային կապերի ամրապնդումը, որը երկուստեք օգտակար կլինի մեր տնտեսությունների համար: Սա նոր ուղղություն չէ. մեր երկրները միշտ հետաքրքրված են եղել մեր առեւտրային ու ներդրումային հարաբերությունները ընդլայնելով: Նորությունը սակայն այն է, որ ԱՄՆ դեսպանության գնահատմամբ Հայաստանի տնտեսությունն հասել է այնպիսի մակարդակի, որ առեւտրաարդյունաբերական հարաբերությունների ու մի շարք ոլորտներում ներդրումների մասով նշանակալի հնարավորություններ կան, որոնց հետ կապված երկու կառավարությունները հաճախ ձեռնարկում են դժվարին քայլեր՝ համապատասխանեցնելով առեւտրային կանոնակարգերը, իրավական ռեժիմներն ու մաքսային օրենսդրությունը: Այդ նպատակով այս տարի մայիսին Հայաստանի եւ ԱՄՆ-ի կառավարությունները ձեւավորեցին տնտեսական գործակցությունը խորացնելու ուղիները դիտարկող բարձր մակարդակի մի հարթակ, որն ռեսուրսներ կապահովի երկկողմ առեւտրի ընդլայնման համար: Այդ հարթակը Առեւտրի ու ներդրումներիհայ-ամերիկյան խորհուրդն է»,- ասել է դեսպանը:
Նա ուրախությամբ նշել է, թե Խորհրդի անդրանիկ նիստը կկայանա հաջորդ շաբաթ՝ նոյեմբերի 17-ին Երեւանում, որին կմասնակցեն ԱՄՆ Առեւտրաարդյունաբերական ներկայացուցչի գրասենյակը եւ այլ գերատեսչություններ: «Նիստի ընթացքում, որը կտեւի մեկ ամբողջ օր, մենք կքննարկենք առեւտրին առնչվող առանցքային կարեւորության հարցեր, որոնք վերաբերում են մաքսային ոլորտին, մտավոր սեփականության իրավունքին, առեւտրի ոչ-սակագնային խոչընդոտներին, պետական գնումներին: Մենք նաեւ կձեւավորենք մասնավոր հատվածի հետ խորհրդակցության մեխանիզմներ: Ինձ համար մասնավոր հատվածի հետ խորհրդակցելը ամենահետաքրքիր բաղադրիչներից մեկն է, որովհետեւ այն ուղեցույց է ծառայում կառավարությունների մակարդակով ընթացող բանակցություններում՝ ապահովելով, որ մենք հանդես գանք այն հարցերի պաշտպանության դիրքերից, որոնք կարեւոր են բիզնեսի, այստեղ ներկա գտնվողների եւ ձեր նման անձանց համար: Մենք փաստացի նախատեսում ենք Առեւտրի ու ներդրումների շրջանակային համաձայնագրի հետ կապված հանդիպման ընթացքում առանձին նիստ անցկացնել բիզնեսը ներկայացնող կազմակերպությունների հետ:
Նոյեմբերի 19-ին, Առեւտրի եւ ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի նիստից անմիջապես հետո տեղի կունենա Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի ամենամյա հանդիպումը: Աշխատանքային խմբի նպատակն այն է, որ երկու երկրների կառավարությունները գործակցեն տնտեսական քաղաքականությանու երկխոսության այն կարեւոր հարցերի շուրջ, որոնք առաջիկա տարիներին կարող են ազդելՀայաստանի տնտեսական աճի ու առեւտրի վրա:Այս տարի քննարկվող հարցերի շարքում են կոռուպցիայի դեմ պայքարը, Հայաստանի ապագա էներգետիկ ռազմավարությունը, ջրային ռեսուրսների կառավարումը, քաղավիացիան ու բաց երկնքի քաղաքականությունը, միասնական հարկային օրենսգիրքը եւ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը, որին հանգամանալիորեն կանդրադառնամ մի փոքր ավելի ուշ»,- ասել է դեսպանը:




























