Հայաստանում կոռուպցիայի պարագայում տուժում է ողջ տնտեսությունը, տուժում է ողջ երկիրը։  Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, որն այսօր՝ նոյեմբերի 10-ին ելույթ է ունեցել Հայ-ամերիկյան առեւտրաարդյունաբերական պալատի առաջ։

«Մեր հայ բարեկամների հետ ես պետք է անկեղծ լինեմ այն իրական կորուստների վերաբերյալ, որոնցով Հայաստանն հատուցում է կոռուպցիայի համար: Այս մասին ես լսում եմ հնարավոր ամերիկյան ներդրողներից եւ շարքային քաղաքացիներից, երբ ես շրջագայում եմ երկրով: Երբ բիզնեսի ոլորտում մրցակցությունն արդարացի չէ եւ չի հիմնվում օբյեկտիվ կոմերցիոն չափանիշների վրա, երբ կան հզոր շահեր, որոնք անհամաչափ տնտեսական եւ քաղաքական հետեւանքների են հանգեցնում, ապա դա սահմանափակում է տնտեսական աճը: Այդ պարագայում տուժում է ողջ տնտեսությունը, տուժում է ողջ երկիրը»,- ասել է դեսպանը:

Նրա խոսքով, օտարերկրյա բիզնեսը քվեարկում է իր ներդրումների միջոցով. եթե նրանք նկատում են, որ երկիրը կոռուպցիան կեղեքում է երկիրը, ապա նրանք կամ ընդհանրապես հրաժարվում են ներդրում կատարելուց, կամ կարող են հետ վերցնելիրենց ներդրումները: «Հայաստանի քաղաքացիների շրջանում կոռուպցիայի բեռը կրում են առավել խոցելիները, փոքր բիզնեսի սեփականատերերը, ովքեր ջանում են գործ սկսել եւ պահպանել այն:  Կոռուպցիան սակայն սոսկ տնտեսության վրա չէ, որ բացասաբար է անդրադառնում: Կոռուպցիան խաթարում է ժողովրդավարությունն ու իրավունքի գերակայությունը: Այն անկայունություն ու անվստահություն է ծնում հաստատություններում եւ կարող է վտանգել երկրի ազգային անվտանգությունը»,- նշել է դեսպանը:

Նրա խոսքով, իհարկե, կոռուպցիոն դրսեւորումներ ամեն տեղ էլ լինում են, այդ թվում եւ ԱՄՆ-ում: «Առանցքայինը ցանկացած երկրի համար այն է, թե կա արդյոք կոռուպցիայի դեմ պայքարելու քաղաքական կամք, ունեն արդյոք լրատվամիջոցներն ու քաղաքացիական հասարակությունը կոռուպցիայի դեմ արտահայտվելու հնարավորություն եւ կան արդյոք հուսալի դատական գործընթացներ՝ քննելու ու դատական կարգով հետապնդում իրականացնելու բացահայտված գործերով:

ԱՄՆ կառավարության ուշադրությունը եւ ռեսուրսները կոռուպցիայի դեմ պայքարին նպատակաուղղելու մասին որոշումը մեկուսի չի ընդունվել: Խթանը գալիս է ԱՄՆ կառավարության ամենաբարձր մակարդակից: 2015թ. Ազգային անվտանգության ռազմավարության մեջ նախագահ Օբաման նշեց, թե ինչու է Ամերիկան բոլոր մակարդակներում ու բոլոր ոլորտներում գործակցում կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների ու հաստատությունների հետ ամբողջ աշխարհում: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ թույլ տվեք պարզաբանել, թե ես եւ մեր դեսպանությունն այստեղ՝ Երեւանում ինչպես ենք պատրաստվում արձագանքել այս խնդրին»:

«Նախեւառաջ մենք կշարունակենք աշխատել հայաստանյան ցանկացած պետական ու հասարակական կառույցի հետ, որտեղ կա կոռուպցիայի դեմ պայքարի պատրաստակամություն: Դեսպանության կողմից կլինեն դրամաշնորհներ հակակոռուպցիոն աշխատանքներում ներգրավված ու կոռուպցիայի դեմ պայքարում ու թափանցիկության մեծացման հարցերում առաջընթաց արձանագրող պետական կառույցների հետ համագործակցող ՀԿ-ներին: Մեր աշխատանքը նաեւ կներառի աջակցություն Հակակոռուպցիոն խորհրդին: Խորհրդին ցուցաբերվող մեր ֆինանսական աջակցությունը ուղղված է որոշակի գործողությունների, ինչպիսիք են՝ հակակոռուպցիոն ռազմավարության մշակման շարունակվող աշխատանքները եւ գործողությունների պլանի կազմումը: Ուզում եմ շեշտել, որ մեր աջակցությունը Խորհրդին իրականացվում է այն պայմանով, որ վերջինս չափելի ձեռքբերումներ պետք է գրանցի: Եթե այդպիսի արդյունքներ չգրանցվեն, ապա մեր աջակցությունը կդադարեցվի, ամեն ինչ շատ պարզ է ու հստակ: Մենք նաեւ խրախուսում ենք ՀԿ-ների մասնակցությունը Հակակոռուպցիոն խորհրդի աշխատանքներին, քանզի մենք դա դիտարկում ենք որպես կառավարության հետ ուղղակիորեն կառուցողական երկխոսության մեջ մտնելու հնարավորություն քաղաքացիական հասարակության համար:

Երկրորդ, ԱՄՆ դեսպանությունը կշարունակի օգնել քաղաքացիական հասարակությանը՝ ուշադրությունը դեպի կոռուպցիան բեւեռելու ու կոռուպցիայի դեմ պայքարելու հարցում: Օգոստոս եւ սեպտեմբեր ամիսներին կարծում եմ ԱՄՆ դեսպանությունը օգնեց Հայաստանում խոսակցություն ծավալել կոռուպցիային առնչվող մի շարք ծրագրերի ու միջոցառումների միջոցով, որոնց եզրափակիչ նոտան«Ազատություն» ռադիոկայանին տրված իմ հարցազրույցն էր: ԱՄՆ դեսպանության նմանատիպ հակակոռուպցիոն ուղղվածության քայլերնապագայում կշարունակվեն»,- ասել է դեսպանը: