Այս ինն ամիսների ընթացքում Հայաստանում իմ տեսածը հուսադրող է: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, որն այսօր՝ նոյեմբերի 10-ին ելույթ է ունեցել Հայ-ամերիկյան առեւտրաարդյունաբերական պալատի առաջ։

«Չնայած առաջընթացի տեղ կա, հատկապես՝ գյուղական շրջաններում, սակայն ես տեսել եմ կենսունակ քաղաքացիական հասարակություն, որը չի վարանում քննադատություն հնչեցնել: Իմ գնահատմամբ, Մերձբալթյան պետություններից հետո Հայաստանն ունի ամենակենսունակ ու ակտիվ քաղաքացիական հասարակությունը նախկին ԽՄ տիրույթում:

Բազմաթիվ ՀԿ-ներ Հայաստանում արդյունավետորեն համագործակցում են պետական հաստատությունների հետ, եւ մենք ակտիվորեն պաշտանում ենք այս միտումը: Կառավարության ու քաղաքացիական հասարակության միջեւ իմ տեսած ամենահաջող գործընկերություններից մեկն կարծում եմ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբն է, որի կազմում ընդգրկված են մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարող բոլոր պետական կառույցները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները եւ միջազգային կազմակերպությունները»,- նշել է դեսպանը:

Նրա խոսքով, թեպետ կան կառավարության ու քաղաքացիական հասարակության այս կարգի արդյունավետ համագործակցության օրինակներ, սակայն անելիք եւս շատ կա: «Ես ուզում եմխրախուսելկառավարության եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների առավել լիարժեք ու կառուցողական մասնակցությունը: Շատ հաճախ Հայաստանի կառավարությունը թերանում է կապ հաստատել քաղաքացիական հասարակության հետ ընդհանուր հետաքրքրության հարցերի շուրջ խորհրդակցելու նպատակով կամ նրանց փորձառությունից օգտվելու նպատակով: Իսկ առիթ լինելու դեպքում էլ, երբեմն, քաղաքացիական հասարակությունն է հանդես բերում թերահավատություն ու վարանում է աշխատել կառավարության հետ:

Քաղաքացիական հասարակության անդամները պետք է առաջնորդող դեր ստանձնեն՝ ցանկալի բարեփոխումները երկրում կառուցողականորեն առաջ մղելու հարցում: Բողոքի ակցիաները կարող են աշխուժացնել հասարակությանը ու փոփոխությունների մթնոլորտ ձեւավորել, սակայն իրատեսական նպատակներ սահմանելը, կառավարության հետ աշխատելը եւ շահապաշտպան մոտեցումներ ձեւավորելը հավասարապես կարեւոր են ու պահանջում են համբերություն, եւ նվիրված աշխատանք: Քաղաքացիական հասարակության համար մենք ունենք հետեւյալ ուղերձը. Կատարելագործեք ձեր կազմակերպական եւ շահապաշտպան կարողությունները,գտեք համակիրներ տեղերում: Դարձեք անկախ եւ ֆինանսապես կայուն: Հայ հասարակությանն անհրաժեշտ են ամուր, ըմբռնող եւ ֆինանսապես կայուն ՀԿ-ներ, որոնք կարող են ներկայացնել իրենց համակիրների կարիքներն ու մտահոգությունները»,- ասել է նա: