Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այս պահին ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ կան քաղաքական սուր տարաձայնություններ, մասնավորապես՝ Ուկրաինայի ու Սիրիայի հարցերով: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, որն այսօր՝ նոյեմբերի 10-ին ելույթ է ունեցել Հայ-ամերիկյան առեւտրաարդյունաբերական պալատի առաջ։

«Սակայն այլ հարցերում մենք փնտրել ու գտել ենք համագործակցության ընդհանուր եզրեր, մասնավորապես Իրանի միջուկային ծրագրի հարցում, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակում:

Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ կա անվստահություն, ու հաճախ Հայաստանում ինձ հարցնում են, թե ինչպես է դա անդրադառնում հայ-ռուսական հարաբերությունների մասով մեր մոտեցումների վրա: Թույլ տվեք ասել, որ մենք հասկանում ենք, որ աշխարհագրական դիրքից ելնելով եւ պատմականորենՀայաստանումռուսական ներկայությունը նշանակալի է, եւ որ դուք ամուր պատմական կապեր ունեք: Ես կարծում եմ եւ հավատացած եմ, որ շատ հայեր նույնպես կարծում են, որ հայ-ռուսական հարաբերությունները եւ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը չպետք է բացառեն ու չեն բացառում Հայաստանի ամուր ու փոխշահավետ հարաբերությունները ԱՄՆ-ի, Եվրամիության, եւ այլ հնարավոր գործընկերների, ինչպես նաեւ այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են՝ ՆԱՏՕ-ն եւ Եվրախորհուրդը:Այս հարաբերությունները մեկը մյուսին չեն բացառում:Մեկի հաղթանակը դեռեւս պարտություն չէ մյուսի համար»,- նշել է դեսպանը:

Ռուսաստանի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշման հարցի հետ կապված նա մեջբերեց փոխպետքարտուղար Վիկտորիա Նուլանդի խոսքը, ով Բրուքինգյան հաստատությունում 2015թ.հունվարի իր ելույթում ասել էր. «Մենք ժխտում ենք Մոսկվայում տարածված այն մոտեցումը, որ մենք ցանկանում ենք տեսնել թույլ Ռուսաստան. ոչինչ ավելի հեռու չէ իրականությունից, քան սա: Այն, ինչ մենք ուզում ենք, ուզել ենք եւ ուզելու ենք, դա ամուր ժողովրդավարական Ռուսաստանն է, որը երկրի ներսում ու սահմաններից դուրս հարգում է իրավունքի գերակայությունը եւ իր հարեւանների ինքնիշխանությունը. Ռուսաստան, որ աշխատում է մեզ հետ եւ Եվրոպայի հետ՝ խաղաղություն ու անվտանգություն ապահովելու տարածաշրջանում եւ աշխարհում: Միայն Միացյալ Նահանգները 1992թ. ի վեր ավելի քան 20 միլիարդ դոլար է ծախսել, որպեսզի Ռուսաստանն ամրապնդի ու բաց դարձնի իր տնտեսությունը, առողջացնի երկիրը, իրականացնի մաքուր ու առավել բաց կառավարում եւ ընտրություններ, կանխի զանգվածային բնաջնջման զենքերի տարածումը եւ համատեղ գործողությունների ու վարժանքների միջոցով առավել սերտանան կապերը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ: Այս կարգի համագործակցությունը սակայն չի կարող շարունակվել,եթե Ռուսաստանն անարգում է միջազգային համակարգի նորմերը, երբ պատառներ է պոկում հարեւան երկրի տարածքից ու սպառնում է նրանց տնտեսական ու քաղաքական հպատակեցմամբ: Ռուսաստանի համարհետդարձի ճանապարհը, մեզ բոլորիս հետ լավ հարաբերությունների ճանապարհը, շատ պարզ է. հենց այն պահին, երբ Ռուսաստանը թույլ տա, որ Ուկրաինան վերահսկի միջազգային սահմանի իր հատվածը եւ դադարեցնի հակամարտության սնուցումը, իրավիճակը կբարելավվի: Կդադարի զենք-զինամթերքի ու մարտնչողների հոսքը: Պատանդները տուն կվերադառնան: Պատժամիջոցները կսկսվել հանվել: Եվ պայքարը, որ Մոսկվան կոչում է ներ-ուկրաինական պայքար, կդառնա հենց այպիսին: Ուկրաինացիները մեր աջակցությամբ հնարավորություն կունենան իրավաչափ լուծումներ տալ արեւելքում առկա դժգոհություններին. վերականգնել քաղաքական, տնտեսական եւ մշակութային կառույցները եւ կապերը, որոնցով կմիավորվի ժողովրդավարական Ուկրաինան. հնարավորություն տալ Դոնբասի ժողովրդին խաղաղ, օրինական ու սահմանադրական կարգով որոշում կայացնել իրենց ապագայի մասին. Հենց այն, ինչ ուզում էՄոսկվան՝ իր իսկ խոսքերով»,- նշել է դեսպանը: