Ահաբեկչական կազմակերպությունների ցանկում հստակեցում մտցնելը Վիեննայում Սիրիայի հարցով առաջիկա հանդիպման առանցքային հարցն է: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Հասկանալի է, որ առանց այդ հարցում լիարժեք պարզաբանումներ մտցնելու անհնար է առաջ շարժվել: Անհնար է առաջ շարժվել նաեւ մեկ այլ ուղղությամբ, որի մասին արձանագրված է հոկտեմբերի 30-ի հայտարարությունում, որը վերաբերում է ՄԱԿ-ի հովանու ներքո ընդդիմության եւ կառավարության ներկայացուցիչների միջեւ քաղաքական գործընթացի մեկնարկին»,- առաջիկա հանդիպման առնչությամբ ասել է Լավրովը:
«Բայց առայժմ մենք հստակություն չունենք ընդդիմադիր խմբերի ցուցակի առնչությամբ, ցուցակ, որը կսատարեին բոլորը եւ որը կներկայացներ ներկա ռեժիմի բոլոր ընդդիմախոսներին, բնականաբար՝ քաղաքական ընդդիմախոսներին, այլ ոչ թե ծայրահեղականներին եւ ահաբեկիչներին»,- ասել է Լավրովը՝ դա համարելով Վիեննայի առաջիկա հանդիպման հաջողության գրավականներից մեկը:





























