Թուրքիայի արեւելյան Իգդիրի նահանգ ժամանած արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայ-թուրքական սահմանամերձ շրջանի բնակիչների մոտ փորձելով թաքցնել թուրքական իշխանությունների անպատասխանատու վերաբերմունքը հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված, կրկին Հայաստանին է մեղադրել` հայ-թուրքական սահմանը փակ լինելու հարցում:
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ` Թուրքիայի արտգործնախարարն Իգդիրի ճանապարհին մտել է անմիջապես հայ-թուրքական սահմանին գտնվող Հալըքըշլա գյուղ, զրուցել տեղի բնակիչների հետ, մոտեցել հայ-թուրքական բնական սահման հանդիսացող Ախուրյան գետին:
Դավութօղլուն անդրադարձել է փակ սահմանների խնդրին եւ նշել, թե դրա պատասխանատուն Երեւանն է, քանի որ Հայաստանի կողմից «ադրբեջանական հողերի բռնազավթումի» վերացումից հետո նոր կբացվեն հայ-թուրքական սահմանները:
Թուրք ղեկավարները արդեն սովորույթ են դարձրել խաբել իրենց քաղաքացիներին` հայ-թուրքական սահմանի փակ լինելու մեղքը բարդելով Հայաստանի վրա: Թերեւս, Դավութօղլուն կարծում է, որ հայ-թուրքական սահմանի բացմանը սպասող թուրքական կողմի սահմանամերձ շրջանների բնակիչները տեղյակ չեն, որ Թուրքիան ստորագրել է մի փաստաթղթի տակ, որը նախատեսում է առանց նախապայմանների հարաբերությունների հաստատում: Դավութօղլուի կողմից հայ-թուրքական փակ սահմանի համար Հայաստանին մեղավոր ներկայացնելը, պարզապես ցույց է տալիս թուրքական իշխանությունների իրական դեմքը:
Արթուր Հակոբյան




























