«Ժամանակ» օրաթերթը, անդրադառնալով Ռուսաստանի նախագահի Ադրբեջան այցին, գրում է. «Մեծ է հավանականությունը, որ Մեդվեդեւի Ադրբեջան կատարելիք այցով Ռուսաստանը սառը ջուր կլցնի Հայաստանի գլխին եւ կփորձի հավասարակշռել Հարավային Կովկասի երկու հակամարտ երկրների հանդեպ իր վերաբերմունքը: Համենայնդեպս, Ռուսաստանը ռազմավարական գործընկերություն հասկացությունը կիրառում է նաեւ Ադրբեջանի հանդեպ, իսկ այն, որ Մոսկվան մտադիր է նաեւ ռազմավարական նշանակության հակահրթիռային ժամանակակից սպառազինություն մատակարարել Ադրբեջանին` ի դեմս տխրահռչակ C-300 համակարգերի, գալիս է վկայելու, որ Մոսկվայի հայտարարությունները ամենեւին էլ զուտ դիվանագիտական էթիկետի նորմ չեն:
Ավելին, Հայաստանի հետ եւ Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունները, ըստ էության, տրամագծորեն տարբերվում են իրարից այն առումով, որ եթե Հայաստանին ռուսները դիտում են ֆորպոստ, որի ամեն մի քառակուսի մետրը արդեն համարում են իրենցը բառի բուն եւ պատկերավոր իմաստով, ապա Ադրբեջանի հետ ՌԴ երկխոսությունը իրականացվում է հավասարը հավասարի հետ հարթության վրա: Դա, անշուշտ, բացատրելի է նրանով, որ Ռուսաստանն Ադրբեջանից ստանալու բան ունի, ի տարբերություն Հայաստանի, որից արդեն ստացել է հնարավոր ու անհնար ամեն ինչ»:




























