Ազգային ժողովում շարունակվում է «Ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի» նախագծի քննարկումը, որով առաջարկվում է ընտրությանը մասնակցել նաեւ նույնականացման քարտով: Ընդդիմադիրներն էլ պահանջում են նույնականացման քարտով քվեարկելու դեպքում լրացուցիչ վերահսկողական մեխանիզմ մշակել, քանի որ նույնականացման քարտերի պարագայում ընտրակեղծիքների մեծ ռիսկեր կան: Աժ հինգ խմբակցություն համաձայնության էր եկել ընտրողի մատը թանաքոտելու տարբերակի շուրջ: Բացի սրանից, ՀՅԴ խմբակցությունը ներկայացրել էր եւս երեք առաջարկ: ՀՀԿ-ն մերժեց մատը թանաքոտելու առաջարկը` նախընտրելով ՀՅԴ-ի առաջարկներից մեկը, որով ընտրացուցակի մի սյունակում կնշվի, որ քվեարկությունը կատարվել է նույնականացման քարտով: Թե ինչու հենց Դաշնակցության այս առաջարկն ընդունվեց, NEWS.am-ը թեմայի շուրջ զրուցել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հետ:
Պարոն Վարդանյան, իշխանությունը մերժեց մատը թանաքոտելու առաջարկը, որին հինգ ընդդիմադիր խմբակցություն` այդ թվում ՀՅԴ-ն, կողմ էր: Կրկնակի քվեարկության դեմ ի՞նչպես պետք է արդյունավետ պայքարել:
Մենք ունենք հիմնական մեկ խնդիր` մի կողմից պետք էր քաղաքացիների սահմանադրական իրավունքը իրականացնելու հնարավորություն տալ, մյուս կողմից գտնել այնպիսի մեխանիզմ, որը կնվազեցներ խախտումների հնարավորությունը: Դաշնակցությունը արել էր երեք առաջարկություն, առաջինն ու երկրորդը ինչ-որ առումով մոտ էին նաեւ Հանրապետական խմբակցության առաջարկություններին, այն է, որ մենք լրացուցիչ վստահելիության եւ վերահսկողության մեխանիզմներ ունենանք նույնականացման քարտի հետ կապված: Ընտրացուցակում նույնականացման քարտ ունեցողի դիմաց առանձին սյունակում նշվի քարտի համարը եւ երկրորդ, երբ ընտրական տեղամասային հանձնաժողովը հաշվի արդյունքները, պետք է քարտով քվեարկածների առանձին հաշվառում կատարի: Այս երկու առաջարկությունները մի քիչ այլ ձեւակերպումներով ներգրավված են նախագծի երկրորդ ընթերցման տարբերակում: Եւ ունեինք երրորդ տարբերակը, որ վերջնական ընտրացուցակներում կարողանանք նույնականացման քարտ ունեցողներին որեւէ պայմանական նշանով տարբերակել, ասենք դա գրվեր կողքը: Սա քննարկեցինք պատկան մարմինների ներկայացուցիչների հետ, եւ նրանք ապացուցեին, որ հնարավոր է` ընտրացուցակները խառնվեն, եւ խնդիրներ առաջանան: Համոզիչ էր այդ փաստարկը եւ մենք չպնդեցինք: Այս առումով, կարծում եմ, մենք ինչ-որ մի լուծում գտել ենք, մեր առաջարկությունները ընդունված են: Իդեալական տարբերակ չէ, բայց հանրաքվեն նորմալ անցկացելու համար հակակշիռ ինչ-որ ձեւով ստեղծվել է:
Ընտրելու իրավունք ունեցող շուրջ 500 հազար քաղաքացի ունի եւ ID քարտ, եւ սովորական անձնագիր, ինչը կրկնակի քվեարկության ռիսկ է պարունակում: Այսինքն` նույն քաղաքացին կարող է քվեարկություն կատարել երկու տեղամասում, ինչ նշանակություն ունի կնշվի՞ քարտի առկայությունը ցուցակի սյունակում, թե ոչ:
Դուք մի մոռացեք, որ մենք ունենք նաեւ այլ մեխանիզմներ: Ունենք հանձնաժողովի անդամներ եւ վստահված անձինք, որոնք կարող են համեմատել ցուցակները, հիմա էլ կարող են համեմատել կրկնվող անունների առումով, բազմաթիվ մեխանիզմներ կան: Այս փուլում մենք արել ենք հնարավորը եւ պրագմատիկ լուծում ենք գտել: Կրկնում եմ` սա իդեալական լուծում չէր, բայց ես խորապես համոզված եմ, որ մենք հիմա արդեն պիտի չսպասենք, որ ասեն` ժամանակը քիչ է, չենք հասցնելու: Այսօրվանից լրջորեն պիտի զբաղվենք այն պետական մարմինների գործունեությամբ, որոնք ցուցակների համար պատասխանատու են: Խնդիրն այնպես պիտի ձեւակերպել, որպեսզի կարողանանք տվյալ մարմիններից պահանջել համապատասխան լուծումները: Մենք պատրաստվում ենք լրջորեն աշխատել ընտրական օրենսգրքի վրա, վերջապես Հայաստանում բոլոր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող մեկ փաստաթուղթ, այս խառնաշփոթը պետք է վերացվի:
Ինչպես ասացիք, չորս առաջարկ էիք ներկայացրել, այդ թվում դեմ չէիք մատը թանաքոտելու տարբերակին, ինչո՞ւ իշխանությունը մերժեց հենց այն տարբերակը, որն ընդունելի էր հինգ խմբակցության համար: Մի գուցե այն պատճառով, որ այդ մեխանիզմով խախտումները կանխելն ավելի՞ ռեալ էր:
Մեզ համար եղել է մեկ խնդիր, չորս առաջարկների մեջ որեւէ մեկին նախապատվությունը չենք տվել, ասել ենք` կա խնդիր, եթե անում ենք մի բան, սրա դիմաց պիտի արվի նաեւ երկրորդ քայլը, թե սրանցից որ մեկը կընտրվեր, մեզ համար միեւնույն էր, կարեւորն այն էր, որ եթե մի բան անում ես, դրա դիմաց ունենաս մեխանիզմ, որպեսզի ինչ-որ չափով հակակշռես, մենք մեր խնդիրը լուծել ենք: Չեմ կարծում, որ թանաքոտելը ավելի ռեալ էր, եթե ընդունվեր այդ տաբերակը, մինեւնույն է քննարկումները շարունակվելու էին: Մեր խմբակցությունը իր խնդիրը լուծած է համարում: Կրկնում եմ` իդեալական լուծում չէ, բայց այս իրավիճակում լուծում է:
Ընտրատեղամասերում հանձնաժողովի անդամների վերահսկողությունը նույնպես խախտումների դեմ պայքարելու միջոց է, բայց քանի որ հիմա ՀՅԴ-ն «Այո»-ի ճակատում է, վստա՞հ եք, որ հանձնաժողովում ՀՅԴ ներկայացուցիչը ՀՀԿ-ականի հետ միասին աչք չի փակի այդ պահին արձանագրած ընտրակեղծիքի վրա հանուն նոր սահմանադրության անցկացման:
Նախ գիտեք, որ կառավարման համակարգին անցնելու հետ կապված ուրիշերն են եկել մեր կարծիքին, ոչ թե մենք ենք միացել ուրիշներին: Բազմիցս հայտարարել ենք` մեզ համար որքան կարեւոր է հանրաքվեի դրական արդյունքը, նույնքան կարեւոր է հանրաքվեի լեգիտիմութունը, վստահությունը, որ քաղաքացիներն ապագայում վստահ լինեն, որ սա իրենց կամքի դրսեւորումն է: Մեզանից կախված ամեն ինչ անելու ենք այս ուղղությամբ: Մեր գործը անում ենք փութաջանորեն:
Ինչպես նշեցիք, իշխանությունը մի շարք հարցերում ձեզ հետ համաձայնության եկավ` խորհրդարանական կառավարման մոդելին անցում կատարելու հարցում, նույնականացման քարտի ներդրման դեպքում ձեր առաջարկած հակակշռի դեպքում, կարելի՞ է ասել, որ հաջորդ խորհրդարանական ընտրություներից հետո իշխանության առաջին դաշնակիցը խորհրդարանում կլինի ՀՅԴ-ն:
Եթեներով չխոսենք, մենք ունեցել ենք համոզում, որ Հայաստանի համար ճիշտ կառավարման մոդելը սա է: Այսօր այդ համակարգին անցնելու հնարավորությունը կա, մենք դրա համար ենք պայքարում: Սրանով, իհարկե, բոլոր խնդիրները չեն լուծվելու, մենք ունենք բազմաթիվ խնդիրներ եւ հետեւողականորեն անցնելու ենք այդ խնդիրների լուծմանը, իսկ թե հետո ինչ կլինի, ժամանակը ցույց կտա:
Զրուցեց Գայանե Սարիբեկյանը





























