Ընդդիմությունը քննադատում է համայնքների խոշորացումը, բայց ինքը կարող է դրանից շահել։ Այս մասին նոյեմբերի 11-ին ՀՀ խորհրդարանում ասել է ՏԿԱԻ առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանը։ Նրա խոսքով՝ մեկ անգամ չի ասվել, որ համայնքների խոշորացումը կբարձրացնի ծախսվող միջոցների արդյունավետությունը։ Սակայն եթե խոսենք քաղաքականությունից, ապա նաեւ այստեղ առավելություններ կան, ընդ որում հենց ընդդիմության  համար։ Պատասխանելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին՝ Տերտերյանն ասաց. «Դեպի ու՞ր ենք մենք հիմա գնում։ Դեպի կուսակցությունների դերի բարձրացում։ Իսկ ինչու՞ դուք չեք ցանկանում ամրապնդվել տեղերում, որտեղ գյուղական համայնքների ընտրություններ են կայանում։ Որովհետեւ կարիքը չունեք։ Ի՞նչ հարց է լուծում 100 մարդուց բաղկացած վարչակազմը։ Իսկ հիմա պատկերացրեք մի քանի հազար մարդուց կազմված խոշոր համայնք։ Իհարկե կառաջանա առողջ մրցակցություն»։