Համալիր հանձնաժողովային կրկնակի փորձաքննությամբ պարզվել է, որ դանակի 21 հարվածով կնոջը՝ Դիանա Նահապետյանին սպանած Վոլոդյա Մուրադյանը կնոջ սպանության պահին եղել է կումուլյատիվ աֆեկտի՝ ժամանակի ընթացքում կուտակված բացասական հույզերի պոռթկման վիճակում: Արտաշատ քաղաքի Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում այսօր` նոյեմբերի 11-ին, այս մասին հայտարարեց դատարանը։

Գործով մեղադրող դատախազ Հայկազ Նիկողոսյանը դատարանից ժամանակ խնդրեց` համալիր հանձնաժողովային կրկնակի փորձաքննության եզրակացությանը ծանոթանալու համար, որպեսզի կարողանա իր դիրքորոշումն հայտնել։ Պաշտպանական կողմը առարկություն չհայտնեց, դատարանը միջնորդությունը բավարարեց` նրան տալով 5 աշխատանքային օր:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 16-ին:

Նշենք, որ Դիանայի ամուսինը` 51-ամյա Վոլոդյա Մուրադյանը, մեղադրվում է 2012թ. դեկտեմբերին առանձնակի դաժանությամբ կնոջը սպանելու համար։  Ըստ մեղադրական եզրակացության՝ սկզբում ծաղկամանով հարված է հասցրել կնոջ գլխին, այնուհետեւ ոտքով հարվածել  ծնոտին եւ մարմնի այլ մասերին, իսկ վերջում քարշ է տվել խոհանոց եւ դանակի  21 հարված հասցրել Դիանային՝ 14-ամյա եւ 17-ամյա դուստրերի աչքի առջեւ:

Հիշեցնենք, որ Դիանայի գործի լուսաբանմամբ և դեպքի ընթացքի հետևողականությամբ զբաղվում է «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի Արագ Արձագանքման Խումբը 2012 թ.-ի դեկտեմբերից և «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան: