Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է մսամթերքի եւ կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող «Բեկոն պրոդուկտ» ընկերություն: Այս տարի լրանում է ընկերության գործունեության 20-ամյակը:

Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել ընկերության արտադրամասում, ծանոթացել մսամթերքի արտադրության գործընթացին եւ աշխատանքային պայմաններին: Ընկերության ղեկավարությունը վարչապետին  է ներկայացրել 20 տարվա ընթացքում կատարված աշխատանքները, արձանագրված ձեռքբերումները, արտահանման եւ զարգացման նոր ծրագրերը:

Լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետը կարեւորել է արտադրանքի որակը եւ նշել, որ ընկերությունն ունի արտադրանքի իրացման եւ արտահանման ծավալի ավելացման, ինչպես նաեւ շուկայի ընդլայնման մեծ ներուժ եւ տեխնիկական հնարավորություններ: «Կառավարությունը եղել եւ մնալու է հայրենական արտադրողի կողքին, շարունակելու է աջակցել, որպեսզի միասին կարողանանք զարգացնել մեր երկրի տնտեսությունը», - ասել է Հովիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ վերջին մեկ տարում գործադիրը գործնական քայլեր է իրականացրել հարկային բեռը թեթեւացնելու եւ արհեստական խոչընդոտները վերացնելու ուղղությամբ: Վարչապետը շնորհավորել է «Բեկոն պրոդուկտ»-ի ղեկավարությանը եւ աշխատակազմին գործունեության 20-ամյակի առթիվ, մաղթել նորանոր հաջողություններ ու կառավարության անունից զարգացման ծրագրերին աջակցելու պատրաստակամություն հայտնել:

1995 թ. հիմնադրված «Բեկոն պրոդուկտ» ՍՊԸ-ն համապատասխանում է ՀՀ կառավարության մի շարք որոշումների, Մսի եւ մսամթերքի տեխնիկական կանոնակարգի պահանջներին եւ Ստանդարտների ազգային ինստիտուտի կողմից ստացել է համապատասխանության սերտիֆիկատ: Ընկերությունում կատարվում են HACCP որակի կառավարման համակարգի ներդրման աշխատանքներ: Արտադրության հիմնական ուղղություններն են՝ երշիկներ, նրբերշիկներ, նրբախորտիկներ, կիսաֆաբրիկատներ, ինչպես նաեւ իտալական եւ իսպանական երշիկեղենի տեսակներ: Վերջին 10 տարում ձեռնարկությունում կատարվել է շուրջ 2316912 ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում: Ձեռնարկության աշխատողների միջին թվաքանակը կազմում է 191 մարդ, միջին աշխատավարձը՝ 127600 ՀՀ դրամ: