Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արագածոտնի մարզպետի եւ մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնի մարզի 2014թ. եւ 2015թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների, գերակայությունների եւ զարգացման ծրագրերի քննարկման նպատակով:
«Արագածոտնի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրներին նվիրված այս քննարկմանը կցանկանայի, որպեսզի առանձնահատուկ ուշադրություն դարձնենք երկու խնդրի վրա՝ գյուղատնտեսության զարգացում, հատկապես՝ անասնապահության եւ երկրորդ՝ ենթակառուցվածքների զարգացում: Կցանկանայի տեսնել, թե պետությունը ի՞նչ նոր նախաձեռնություններով կարող է օժանդակել գյուղատնտեսության զարգացմանը, այդ թվում՝ անասնապահությանը, որովհետեւ այս ոլորտում աճի միտումները մեզ համար ուրախալի են: Երկրորդ՝ մենք 2012թ. վերջին եւ 2013թ. սկզբին վերլուծելով տարբեր մարզերի սոցիալ-տնտեսական իրավիճակը, եկանք այն եզրակացության, որ Արագածոտնի մարզի զարգացման հիմնական խոչընդոտներից մեկը ենթակառուցվածքների թույլ զարգացվածությունն է: Նկատի ունեմ՝ ջրամատակարարումը, միջհամայնքային ճանապարհների վիճակը, գազամատակարարումը: Անշուշտ, նկատել եք, որ տարիների ընթացքում մենք այս ոլորտներին ուղղված միջոցներն ավելացրել ենք: 2015թ.-ին 2014թ.-ի համեմատ այս ոլորտների զարգացմանն ուղղված միջոցները կրկնապատկվել են, եւ մենք ակնկալում ենք, որ միջոցների ավելացումը բերելու է նաեւ իրավիճակի բարելավման, արդյունքների կրկնապատկման, միգուցե՝ փոքր-ինչ ավելիին: Պետք է շատ խնայողաբար վերաբերվել այս միջոցներին:
Արագածոտնի մարզով է անցնում մեր երկրի կարեւորագույն երակներից մեկը, այստեղ է իրականացվում մեր կարեւորագույն ծրագրերից մեկը՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը» եւ մենք նպատակ ունենք ու վստահ եմ, որ իրականացնելու ենք, 2018թ.-ին ավարտել Արագածոտնի մարզով անցնող այդ մայրուղու ամբողջական հատվածը եւ մեր ծրագրերի համաձայն, 2018թ.-ին արդեն շահագործման ենք հանձնելու Երեւան-Գյումրի ամբողջական հատվածը:
Ակնկալում եմ, որ մարզպետարանը, համայնքների ղեկավարները բարեխղճությամբ ու պատրաստակամությամբ կմոտենան խնդիրների լուծմանը, որովհետեւ ճանապարհի համար նոր հողակտորների օտարման անհրաժեշտություն կա: Այսինքն` մարդիկ պետք է հասկանան, որ այս ճանապարհը շատ կարեւոր է հանրապետության համար եւ, բնականաբար, առաջին հերթին՝ մարզի: Շատ էական է այն հանգամանքը, որ միջոցներ են նախատեսվում նաեւ կենտրոնական ճանապարհին երկրորդական ճանապարհների միացման համար, այսինքն` զարգացման լուրջ խնդիրներ են լուծվում:
Իհարկե, կցանկանայի, որպեսզի մարզպետարանը շատ ավելի ուշադիր եւ բծախնդիր լիներ առողջապահության եւ կրթության խնդիրների նկատմամբ, մեծ ուշադրություն դարձներ կադրերի պատրաստմանը, վերապատրաստմանը, որովհետեւ Արագածոտնը մեր այն եզակի մարզերից է, որտեղ գյուղական բնակչությունը մի քանի անգամ գերազանցում է քաղաքային բնակչությանը: Ուստի, այս խնդիրները հրատապ լուծում են պահանջում հատկապես գյուղական բնակավայրերում: Պետք է շատ ուշադիր լինել այս հարցում: Մեր օժանդակությունն այստեղ մշտապես կարող եք ակնկալել»,-խորհրդակցության սկզբում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Մարզպետ Սարգիս Սահակյանը ներկայացրել է ըստ տարբեր ոլորտների՝ քաղաքաշինություն եւ բնակկոմունալ տնտեսություն, ճանապարհաշինություն, ենթակառուցվածքներ եւ տրանսպորտ, գյուղատնտեսություն, կրթություն, առողջապահություն եւ սոցիալական ապահովություն, մշակույթ եւ սպորտ, բնապահպանություն եւ այլ բնագավառներում իրականացված, ինչպես նաեւ առաջիկա տարիների համար նախատեսված ծրագրերը, ընթացիկ աշխատանքներն ու առկա խնդիրները: Մարզպետը վստահեցրել է, որ Հանրապետության նախագահի նշած ուղղություններով աշխատանքները մարզպետարանի մշտական ուշադրության ներքո են, եւ դրանց արդյունքների մասին պարբերաբար կզեկուցվեն նախագահին:
Խորհրդակցությանը մասնակցող Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը զեկուցել է Հիմնադրամի առաջին բաղադրիչով մարզի համայնքներում նախատեսվող ներդրումների վերաբերյալ, որոնք, ըստ նրա, հիմնականում նախատեսված են կրթության բնագավառում՝ հանրակրթական դպրոցների եւ նախադպրոցական կրթական հաստատությունների համար:
Խորհրդակցության ավարտին նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել: Մասնավորապես՝ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարին հանձնարարվել է՝ բնական աղետներից գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների պաշտպանության մեխանիզմների շարունակական բարելավման, ինչպես նաեւ ցանքատարածությունների, պտղի եւ հատապտղի տնկարկների ավելացման միջոցառումների մշակման եւ անասնաբուծության զարգացման ծրագրերի առաջմղման նպատակով միջոցներ ձեռնարկել ՀՀ Արագածոտնի մարզում հակակարկտային համակարգերի ազդեցության գոտու ընդլայնման ուղղությամբ՝ համապատասխան ուսումնասիրության արդյունքներն ու ֆինանսական աղբյուրների վերաբերյալ գնահատականները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը:
ՀՀ Արագածոտնի մարզպետին հանձնարարվել է՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ քննարկել մարզի ցանքատարածությունների, պտղի եւ հատապտղի տնկարկների ավելացման համար անհրաժեշտ ոռոգման համակարգերի զարգացման, մասնավորապես՝ ջրանցքների շարունակական վերականգնման առաջնահերթությունները՝ առաջիկայում նախատեսվող ծրագրերում ներառելու նպատակով համապատասխան առաջարկությունները ներկայացնելով ՀՀ կառավարության հաստատմանը:
Մարզպետին հանձնարարվել է նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ համատեղ ուսումնասիրել անասնաբուծության զարգացմանն ուղղված մարզային ծրագրերի միջանկյալ արդյունքները՝ մարզի ֆերմերային տնտեսություններին օժանդակության լրացուցիչ մեխանիզմների վերաբերյալ հստակ միջոցառումներ մշակելով:
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման աշխատանքներին աջակցության նպատակով մարզպետը հանձնարարական է ստացել՝ համակողմանի աջակցություն ցուցաբերել այդ ճանապարհային միջանցքի շինարարությամբ նախատեսված Աշտարակ-Թալին հատվածի հողերի օտարման ծրագրի անխափան իրագործմանն ու շինհրապարակների պատշաճ նախապատրաստման ընթացքին:
Մարզի կրթական, մշակութային, մարզական օբյեկտների հիմնանորոգման եւ շինարարության, առանձին խոցելի համայնքների ենթակառուցվածքների զարգացման նպատակով ՀՏԶՀ տնօրեն Ա.Կիրակոսյանին հանձնարարվել է՝ ձեռնարկել զեկույցի ընթացքում ներկայացված ցանկով նախատեսված հրատապ ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման եւ շինարարական աշխատանքների մրցութային գնման համապատասխան գործընթաց՝ հետագա ծրագրերի կազմման ժամանակ նույնպիսի առաջնահերթություն տրամադրելով ՏԻՄ կողմից ներկայացված համայնքների կրթական հաստատությունների հրատապ նորոգման խնդիրներին:

































