Երեւանի Շենգավիթ համայնքի Ներքին Շենգավիթի 9-րդ փողոցի բնակիչները դժգոհում են մայրաքաղաքի աղբահանությունը իրականացնող «Սանիտեք» ընկերությունից, որը աղբամանները տեղադրել է բնակիչների տներին շատ մոտ՝ հենց դարպասների առջեւ։
«10 օր առաջ են տեղադրել, ժամը 19։00-ից հետո հնարավոր չէ դուրս գալ, որովհետեւ փողոցի բոլոր շներն այստեղ են լինում, երեխաները վախենում են դուրս գալ, որովհետեւ առնետները տներն են մտնում։ Ինչքան մուրացկան կա հավաքվում են այստեղ, մենք մեզ անապահով ենք զգում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց փողոցի 75-րդ տան բնակիչը, որի տան դարպասին շատ մոտ են տեղադրվել աղբամանները։
Բացի անվտանգությունից բնակիչներին անհանգստացնում է նաեւ աղբից տարածվող գարշահոտը։ Փողոցի բնակիչները մի քանի օր առաջ դիմել են քաղաքապետարան, սակայն, որեւէ արձագանք չկա։
«Սանիտեք» ընկերությունից NEWS.am-ին հայտնեցին, որ նման խնդիրներ առաջացել են գրեթե բոլոր համայնքներում, որտեղ աղբամանները տեղադրվել են սեփական տների առջեւ։ Ընկերության հանրային հարաբերությունների ղեկավար Էլիանորա Շխրդմյանը վստահեցրեց, որ ահազանգերի դեպքում այս խնդիրը լուծվում է հաշված ժամերի ընթացքում, հարցին, թե ինչու է «Սանիտեք» թույլ տալիս, որ դժգոհություն հասունանա, աղբամանները տներից հեռու տեղադրելու փոխարեն, ընկերության ներկայացուցիչը պատասխանեց, որ այս խնդիրը 2 վիճելի կողմ ունի։
«Մի կողմից, եթե աղբամանները հեռու ենք դնում՝ խաչմերուկից խաչմերուկ, բնակիչները դժգոհում են, թե դրանք շատ հեռու են տեղադրված, իսկ եթե մոտ ենք տեղադրում տներին, բողոքում են այդ տների բնակիչները»,-ասաց ընկերության ներկայացուցիչը՝ ընդգծելով, որ որպես կանոն իրենց ներկայացուցիչը նախապես աղբամանների տեղը համաձայնեցնում է բնակիչների հետ, իսկ խնդիրներն առաջանում են շահագործման ընթացքում։
«Սանիտեքը» շուտով կդառնա մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում աղբահանություն իրականացնող։ Ընկերությունից հայտնում են, որ իրենք կրկնակի ավելացրել են աղբամանների թիվը Երեւանում, իրենց տեղադրած եւվրոպական ստանդարտներով աղբամանները կրկնակի տարողունակ են նախորդ աղբամանների համեմատ եւ հրակայուն։





























