«Պառլամենտական կառավարման համակարգին անցումը 2007 թվականից մեր կուսակցության հիմնական դրույթներից էր»,-NEWS.am-հետ զրույցում ասել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Ավետիսյանը՝ հիմնավորելով, թե ինչու են իրենք ակտիվորեն քարոզում «Այո»-ն։
«Հարյուր տոկոսանոց համամասնական ցուցակի եւ պառլամենտական կառավարման համակարգին անցնելը մեր հիմնական դրույթներից էր։ Եթե ունեցել ենք 2007 թվից մեր հիմնական դրույթների մեջ նշված խորհրդարանական համակարգը, հիմա ի՞նչ է, «Բարգավաճ Հայաստան»-ը կողմնակի՞ց է, թե դեմ»,-զարմացած արձագանքեց պատգամավորը։
Հարցին, թե ինչու իրենց նախանշած դրույթների իրագործումից հրաժարվեցին 2012-ից մինչեւ 2015-ի փետրվարը՝ այդ ժամանակ հայտարարելով, որ դրա անհրաժեշտությունը չկա, Ավետիսյանը հիշեցրեց․ «Մենք արդեն խորացանք, ընդմիջման ժամանակը պրծնում ա։ Քաղաքական իրավիճակ ա փոխվել Ձեր նշած տարեթվից հետո, այդ պահին մենք ասում էինք, որ այս պահին նպատակահարմար չի սահմանադրական փոփոխությունները, որովհետեւ կար ալիք եւ այալն եւ այլն, հիմա մենք անցնում ենք ավելի լատենտ շրջան, որ, այո, մենք կարանք անցնենք դրան, որ դա բխում է մեր հիմնական դրույթներից»,-մանրամասնեց պատգամավորը։
Հարցին, թե որ պահից որոշեցին, որ անհրաժեշտ է վերադառնալ 2007 թվականից իրենց կուսակցության նախանշած հիմնական դրույթին, ասաց․ «Երբ որ փոխվեց քաղաքական իրավիճակը»։ Հստակեցմանը, թե Ծառուկյանի՝ քաղաքականությունը լքելուց հետո, պատգամավորը նշեց․ «Ես չեմ պատասխանի էդ հարցին»։
Գայանե Սարիբեկյան





























