Այսօր` սեպտեմբերի 2-ին, Դմիտրի Մեդվեդեւի Բաքու այցելության նախօրեին, Ադրբեջանի լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել, ըստ որի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով սկսվում է թուրքմենական նավթի տեղափոխումը։ Հաղորդվում է, որ ամսական տեղափոխվելու է 200 հազ. տոննա նավթ։

Այս հաղորդագրությունը բնավ էլ Ռուսաստանի նախագահի սրտով չի լինի, քանի որ Ռուսաստանը հավակնում է ղազախական եւ թուրքմենական ողջ նավթը դեպի Եվրոպա տեղափոխել իր տարածքով:

Մասնավորապես՝ թուրքմենական նավթը ավանդաբար Եվրոպա է արտահանվում Նովոռոսիյսկի նավահանգստով։

Այստեղ հատկանշական է այն, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով թուրքմենական նավթի առաքման մասին համաձայնագիրը կնքվել է դեռեւս այս տարվա հուլիսին, եւ ադրբեջանական լրատվամիջոցները (մասնավորապես՝ Novosti-Azerbaijan-ը) դրանից հետո մի քանի անգամ հաղորդել են, որ թուրքմենական նավթը այդ նավթամուղով արդեն հոսում է։ Փաստորեն, հաղորդագրությունն այսօր կրկնվում է։ Բաքուն հավանաբար ցանկացել է ինչ-որ ազդակ հաղորդել Կրեմլին՝ հենց նախագահների հանդիպումից առաջ: