Ամերիկյան մամուլում հրապարակվել է երիտասարդ մեքսիկուհու ցնցող խոստովանությունը, ով հայտարարել է, որ ավելի քան 43 հազար անգամ բռնաբարել են իրեն:

23-ամյա Կառլա Յասինտոյի պատմությունը վեպի սյուժե է հիշեցնում: Աղջիկը ստրկավաճառների ձեռքում հայտնվել է դեռեւս 13 տարեկանում: Նա ծնողների տանից հեռացել է սիրած տղայի հետ, ով հետագայում նրան ստիպել է մարմնավաճառությամբ զբաղվել: 15 տարեկանում Յասինտոն իր կավատից դուստր է ունեցել, սակայն, ըստ ՆՏՎ-ի, «հայրիկը» երեխային օգտագործել է՝ իր զոհին շանտաժի ենթարկելու համար:

CNN-ին տված հարցազրույցում Յասինտոն պատմել է, որ մի քանի տարի շարունակ ստիպված է եղել աշխատել առավոտյան 10-ից մինչեւ կեսգիշեր՝ օրական սպասարկելով 30 տղամարդու:

Մեքսիկուհուն ազատել են միայն 2008 թվականին, Մեխիկոյում ոստիկանական հատուկ գործողության ժամանակ: Այժմ Կառլա Յասինտոն զբաղվում է ստրկության եւ ստրկավաճառության դեմ պայքարի հարցերով: