Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու գոտում պետությունը չի խախտի հողատերերի իրավունքները: Այս մասին նոյեմբերի 12-ին Հայաստանի խորհրդարանում հայտարարեց տրանսպորտի եւ կապի առաջին փոխնախարար Արթուր Առաքելյանը:
Ճանապարհի գոտում գույքային հարցերի պատճառով նախարարությունը շուրջ մեկ տարի չէր կարողանում շինարարություն սկսել: Սակայն հիմա, ըստ Առաքելյանի, հողերի օտարումն ընթանում է նախանշված ժամանակացույցի համաձայն:
Տրանսպորտի նախարարությունը հատուկ երաշխավորված հաշվեհամար է բացել ճանապարհի գոտու հողատերերի համար: Եթե ժամանակին պայմանավորվածություն ձեռք չբերվի, դեպոզիտը մեխանիկորեն կփոխանցվի հողատիրոջը, իսկ նրա հողատարածքում աշխատանքները կսկսվեն:
Արթուր Առաքելյանն ընդգծեց, որ հողատերերը հնարավորություն ունեն նաեւ դատարանի միջոցով ավելի մեծ փոխհատուցում պահանջել:
«Հյուսիս-Հարավ» բետոնե ավտոմայրուղին կկրճատի իրանականից մինչեւ վրացական սահման Հայաստանի ճանապարհի համար նախատեսված ժամանակը, ինչպես նաեւ տարածությունը՝ այժմյան 556-ից հասցնելով 500 կմ-ի: Շինարարության ընդհանուր արժեքը շուրջ 960 մլն դոլար է, իսկ նախագծի հիմնական դոնորն Ասիական զարգացման բանկն է:





























