Եվրոպական ներդրումային բանկն արտոնյալ վարկ կտրամադրի դեպի Վրաստան 400 կՎ-անոց էլեկտրահաղորդման գծի շինարարության համար: Այս մասին նոյեմբերի 12-ին Հայաստանի խորհրդարանում հայտարարեց էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը:

10 մլն եվրո կտրամադրվի «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի համար: Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ առաջին 400 կՎ-անոց էլեկտրահաղորդման գիծը, որը շուրջ 3 անգամ կավելացնի երկու երկրների էներգահամակարգերի միջեւ հոսքերի թողունակությունը:

EIB-ի միջոցները կտրամադրվեն արտոնյալ պայմաններով, ընդ որում, հայկական կողմը կարող է դրանք ինքնուրույն ընտրել յուրաքանչյուր տրանշի համար՝ ե՛ւ տոկոսադրույքը (ֆիքսված կամ լողացող), ե՛ւ ժամկետը (4-ից մինչեւ 28 տարի):

Ծրագրի հիմնական դոնորը՝ գերմանական KfW բանկը, համաձայնել է 85 մլն եվրոյի չափով վարկ տրամադրել: Եվս 10 մլն եվրո դրամաշնորհի տեսքով կտրամադրի Եվրահանձնաժողովը, հարեւանության ներդրումային գործիքի օգնությամբ (NIF):